ՀԱՊԿ անդամ պետություններից մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում առաջին պլան է մղվում պայմանագրային հարաբերությունների կատարումը, այլ ոչ թե կրոնը: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ղրղըզստանի խորհրդարանանի պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Իրինա Կարամուշկինան:
Մեկնաբանելով ղրղըզ քաղաքական որոշ գործիչների հայտարարություններն այն մասին, որ «մահմեդական այս երկրի ներկայացուցիչները չեն պատերազմի Լեռնային Ղարաբաղում հայերի կողմից»՝ ղրղըզ պատգամավորը նշել է, որ հայտարարությունը չի լսել, ու հստակ մեկնաբանություններ չի կարող տալ. «Սակայն եթե խոսենք տեսակետի էության մասին, ապա նման զարգացման դեպքում հարցը կրոնական բնույթի չի կրի: Դա տարածքի, սահման, խաղաղ գոյակցության, պայմանագրային հարաբերությունների իրագործման հարց է»: Նրա խոսքով՝ այս պահին կրոնական հարցը քննարկվում է լարվածության պահպանման համար: «Սակայն դա շատ վտանգավոր խաղ է»,- ընդգծել է Իրինա Կարամուշկինան:





























