Գիշերը ժամը 05.00-ին տնակ փնտրող աղջիկներին ծեծած 20-ամյա Հովիկ Ղ.-ի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է: Ճամբարակի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 20-ամյա Հովիկ Ղ.-ն այս տարվա հուլիսի 15-ին, ժամը 05:00-ի սահմաններում Սեւանի թերակղզում հանդիպելով Հեղնար Ա.-ին ու նրա հետ եղած անձանց, իմանալով, որ նրանք տնակ են փնտրում գիշերելու համար, առաջարկել է տնակ տրամադրել, սակայն մերժում ստանալով, լինելով ալկոհոլ օգտագործած վիճակում, շուրջ 30 րոպե լրջորեն անհանգստացրել ու ծաղրանքի է ենթարկել Հեղնար Ա.-ին:
Դրանից հետո Հովիկ Ղ.-ն իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել է նրանց, իսկ երբ աղջիկը խնդրել է իրենց չանհանգստացնել, վերջինս ոչ միայն չի կատարել նրա պահանջը, այլեւ շուրջ 10 րոպե վիճաբանել է, քաշքշել Հեղնար Ա.-ին ու հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:
Քննելով գործը դատարանը որոշել է Հովիկ Ղ.-ի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործի վարույթը կարճել եւ նրա նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը` «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 03-ի որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետի կիրառմամբ:
Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան մեկամսյա ժամկետում:





























