25-ամյա Նարեկ Հ.-ն ընկերոջ  սիրած աղջկան համակրելու շուրջ պարզաբանումների ժամանակ դանակահարել է Ա. Սարգսյանին: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 25-ամյա Նարեկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. օգոստոսի 7-ին,ժ. 20-ի սահմաններում անչափահասներ Ս.Դավթյանը, Գ.Սարգսյանը, Ն.Հովհաննիսյանը, Տ.Բաղդասարյանը վերջինիս համակրած աղջկան Ծ. Կյուրեղյանին համակրելու պարզաբանումներ ստանալու նպատակով հանդիպել են անչափահասներ Ջ. Նավասարդյանին, Ն. Հովհաննիսյանին, Ա.Սարգսյանին, որի ժամանակ Գ. Սարգսյանն ու Ն. Հովհաննիսյանը միմյանց հետ վիճաբանել են, քաշքշել, հարվածել իրար, որի ընթացքում Ն. Հովհաննիսյանը իր մոտ պահած սուր կտրող-ծակող գործիքով 1 անգամ հարվածել է Գ. Սարգսյանի որովայնին, պատճառել կյանքի համար վտանգավոր կտրած-ծակած թափանցող վնասվածք:

Քրեական գործ է հարուցվել 112  հոդվածի 1 –ին մասով` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը: Սույն հոդվածը  պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել գրավ: Գործը դատարան է ստացվել հոկտեմբերի 30-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: