Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Քբիլաշվիլին չի բացառել վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան գործով նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին հարցաքննելու հնարավորությունը, սակայն հավելել է, որ  տվյալ պահին նախագահին որեւէ գործով կանչելու անհրաժեշտություն չկա: 

«Երբ գործի գիտական ուսումնասիրման հիման վրա մենք որոշակի փաստեր հայտնաբերենք, եւ երբ տվյալ երեւույթը իր սեփական պաշտոնական անվանումը կունենա, այլ ոչ թե ենթադրությունների մակարդակում կլինի, ապա հաջորդ փուլում  որոշ անձինք կկանչվեն հարցաքննության:  Թե ովքեր կլինեն, դժվար է կանխատեսել, սակայն չի բացառվում, որ դրանց  մեջ լինի Միխայիլ Սահակաշվիլին», - հոկտեմբերի 31-ի երեկոյան «Ռուսթավի 2»-ի եթերում հայտարարել է Քբիլաշվիլին եւ հավելել, որ ներկայումս «Միխայիլ Սահակաշվիլիին որեւէ գործով հարցաքննելու անհրաժեշտություն չկա, առավել եւս՝ նրա նկատմամբ  քրեական հետապնդում սկսելու», հաղորդում է «Նովոստի Գռուզիան»: 

Արչիլ Քբիլաշվիլին նշել է, որ դատախազությունը ԱՄՆ-ի ՀԴԲ-ի հետ համատեղ քննոմ է Զուրաբ Ժվանիայի մահվան գործը, եւ չի բացառել, որ «մահվան վարկածը կարող է փոխվել»: