ԱՄՆ-ի Միչիգանի նահանգի Գրենդ Ռեփիդս քաղաքի բնակիչ Թոմ Լին ՀԴԲ-ից պահանջում է իրեն 25 միլիոն դոլար վճարել` «Ալ Քաիդայի» նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենին վերացնելու գործում օգնելու համար:
ՀԴԲ-ի տնօրեն Ջեյմս Կոմիին հասցեագրված Լիի փաստաբանների նամակում ասվում է, որ իրենց հաճախորդը 2003թ. ԱՄՆ-ի իշխանություններին հայտնել էր, որ բեն Լադենը թաքնվում է Պաիստանի Աբոթաբադ քաղաքում: Այդ տեղեկությունն ամերիկացին իբր իմացել էր պակիստանյան հետախուզության գործակալից, որն ահաբեկչին եւ նրա ընտանիքին Փեշավար քաղաքից ուղեկցել էր դեպի բնակության նոր վայր: Ըստ 63-ամյա Լիի`այդ գործակալի ընտանիքի հետ ինքը վաղուց կոմերցիոն կապեր է ունեցել: Հատուկ ծառայությունների ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանում Լիի պնդումները, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ-ի իշխանությունները բեն Լադենի նկատմամբ հետախուզում էին հայտարարել 1999թ.` Տանզանիայում եւ Քենիայում ամերիկյան դեսպանատների պայթյուններին մասնակցություն ունենալու համար, եւ 25 միլիոն դոլար պարգեւավճար էին խոստացել բեն Լադենի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկության դիմաց: Թիվ 1 ահաբեկիչը սպանվել էր 2011թ. մայիսին Աբոթաբադի իր տանը` ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հատոկ նշանակության ջոկատի գործողության հետեւանքով:





























