Աթենքում «Ոսկե լուսաբաց» կուսակցության գրասենյակի մոտ նոյեմբերի 1-ի երեկոյան կրակոցներ են հնչել. Երկու մարդ զոհվել, մեկը ծանր վիրավորվել է։
AFP-ն հունական մայրքաղաքի ոստիկանության ներկայացուցիչներին վկայակոչելով հայտնում է, որ կրակողները երկու հոգի են եղել եւ գրասենյակին մոտեցել են մոտոցիկլետով։ Հարձակվողներին հաջողվել է փախչել։
Զոհվածների եւ վիրավորի ինքնությունը դեռ չի ճշտվել: Անհայտ է նաեւ այն, թե արդյոք հարձակումը քաղաքական դրդապատճառ է ունեցել, հայտնում է «lenta.ru»-ն:
Հունական լրատվամիջոցները, վկայակոչելով ոչ պաշտոնական աղբյուրները, հայտնում են, որ սպանվածները եւ վիրավորը հսկում էին «Ոսկե լուսաբաց» կուսակցության գրասենյակի մուտքը:
«Ոսկե լուսաբաց» ծայրահեղ աջ կուսակցությունը, որը 2012թ. խորհրդարանական ընտրություններին յոթ տոկոս ձայն էր հավաքել, 2013թ. սեպտեմբերին հայտնվել էր աղմկահարույց սկանդալի կենտրոնում, երբ իր կողմնակիցներից մեկը Աթենքի արվարձանում սպանել էր ձախ հայացքների տեր երաժիշտ Պավլոս Ֆիսասին:
Հունաստանի իրավապահ մարմինները կալանավորել էին կուսակցության մի շարք անդամների` ներառյալ առաջնորդ Նիկոս Կիխալոլիակոսին: «Ոսկե լուսաբացի» վեց պատգամավորներ մեղադրվում են հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ, որը կանգնած է Ֆիսասի սպանության հետեւում:





























