Ռուսաստանն ու Ճապոնիան ահաբեկչության եւ ծովահենության հակազդման համատեղ զորավարժություններ կանցկացնեն։ Կողմերը պայմանավորվել են նաեւ կիբերանվտանգության սպառնալիքների դեմ պայքարի ոլորտում փորձագիտական խորհրդատվությունների առանձին մեխանիզմ ստեղծելու շուրջ։

Տոկիոյում նոյեմբերի 2-ին երկու երկրների պատմության մեջ առաջին անգամ անցկացվում է արտգործնախարարների եւ պաշտպանության նախարարների հանդիպում՝ «երկու գումարած երկու» ձեւաչափով։ Ռուսաստանը ներկայացնում են արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Ճապոնիան էլ, համապատասխանաբար, արտգործնախարար Ֆումիո Կիսիդան եւ պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան։

Լավրովը, մասնավորապես, գործընկերոջ հետ պայմանավորվել է փոխարտգործնախարարների մակարդակով 2014թ. սկզբին խորհրդակցություն անցկացնելու, ինչպես նաեւ հաջորդ տարվա գարնանը Ֆումիո Կիսիդայի Ռուսաստան այցի շուրջ։

Պաշտպանության նախարարների հանդիպմանը շոշափվել են երկկողմ համագործակցության եւ փորձի փոխանակման հարցեր, ինչը պետք է ծառայի Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայունության ամրապնդմանը, հայտնում է «Ռոսբատը»։

Լավրովը բանակցություններն անվանել է «նոր փուլ ռուս-ճապոնական հարաբերություններում»։ Համատեղ հաջորդ հանդիպումը նախատեսված է 2014թ. Մոսկվայում։