Աշտարակ քաղաքում վեճն ավարտվել է երկու անձի սպանությամբ: Այսօր՝ նոյեմբերի 2-ին, գիշերը ժամը 01:30-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժին, որ կրծքավանդակի ձախ կեսի շրջանում ստացած վնասվածքով մահացած վիճակում իրենց մոտ է բերվել մի տղամարդ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, մինչ ոստիկանները պարզում էին հանգամանքները, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում Աշտարակի ոստիկանություն, որ կրծքավանդակի ձախ կեսի հետին շրջանում մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Պարզվում է, որ Աշտարակի հիվանդանոց տեղափոխված մահացածը տեղի Ներսես Աշտարակեցի փողոցի բնակիչ՝ 32-ամյա Էդգար Գալստյանն էր: Գիշերը ժամը 04:30-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից «Արմենիա» ԲԿ տեղափոխված անձը՝ Թամազյան փողոցի բնակիչ՝ 36-ամյա Արթուր Պապյանը նույնպես մահացել է:

Երեկ տեղի է ունեցել Էդգարի քրոջ աղջկա ծննդյան արարողությունը, որին հյուր է գնացել նաեւ Արթուրը, ու այդ ժամանակ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջեւ եւ հյուրերի գնալուց հետո հիվանդանոցից ստացվել են ահազանգերը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար) եւ 104 հոդվածի 1-ին մասի (սպանությունը ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) հատկանիշներով:

Ըստ աշտարակցիների՝ նշված անձինք նախկինում դատապարտված են եղել եւ պատժից ազատ են արձակվել վերջերս ՀՀ նախագահի կողմից ստորագրված համաներմամբ:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում