Բանդայի գործով մեղադրանք կա, հինգ մեղադրյալ կա, բայց ապացույցներ չկան: Այս մասին այսօր` նոյեմբերի 2-ին հրավիրված ասուլիսին ասաց գրող Սերգեյ Գալոյանը՝ անդրադառնալով բանդայի գործին:
«Ես չեմ հավատում, որ այս մարդիկ են եղել թալանների հեղինակները: Ձերբակալել են Արտյուշա Հակոբյանին՝ համարելով բանդայի ղեկավար: Ստուգվել են նրա հեռախոսազանգերը եւ ձերբակալվածներից ոչ ոքի հետ կապ չի ունեցել: Կամ բանտարկության օրը գնացել է «Ագուլիս» ռեստորան եւ եկել բռնել են: Մինչեւ այդ նա տեղյակ էր ձերբակալությունների մասին, չէր կարո՞ղ փախչել, թռչել Ֆիլիպիններ չէ, որ Սուրիկ Հակոբյանի որդին է: Բայց չի արել եւ գնացել է ռեստորան ու այնտեղ ձերբակալվել: Ավելին` մինչեւ հիմա մի օծանելիք են հայտնաբերվել, որը տուժողներից մեկը ասել է, որ իրենք էլ են այդ օծանելիքից օգտագործել»,- նշեց Սերգեյ Գալոյանը: Նրա խոսքով, եթե դա պրոֆեսիոնալիզմի պակաս է, ապա պետք է ցրել քննչական խումբը եւ նոր խումբ հավաքել կամ էլ ազատ արձակել նրանց: Սերգեյ Գալոյանը ասաց, որ այս գործով զբաղվելուց առաջ իրեն նախ հետաքրքրել է այն հայտարարությունը, որ տուժող Նապոլեոն Ազիզյանի բնակարանից տարել են վեց թանկարժեք նկարներ: «Սակայն տուժողները իրենց արձանագրության մեջ չեն ասում, թե ինչ եւ ում նկարն է: Ստացվում է, որ Նապոլեոն Ազիզյանի ադեի նկարը տարել են իրենց պատից, որը իր համար շատ թանկ է»,- ասաց Սերգեյ Գալոյանը:
Նա միաժամանակ նշեց, որ մինչեւ դատարանը չապացուցի, որ իսկապես բանդա է, ոչ ոք իրավունք չունի նրանց կոչել բանդա: «Բանդայի գործ գոյություն չունի` գոյություն ունի Արտյուշա Հակոբյանի գործ»,- նշեց Սերգեյ Գալոյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























