Կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանի ֆեյսբուքյան էջում օգտատերերից մեկը` մանկավարժ, դերասանուհի Գայանե Ամիրխանյանը հետեւյալ գրառումն է կատարել. « Զավեն Բոյաջյանն իր նկարներով ու թարգմանած գրականությամբ ակնհայտորեն այլասերում է տարածում, ակամա թե հատուկ հրահանգով չգիտեմ»:
Տիկին Ամիրխանյանից փորձեցինք ճշտել, թե հայտնի կինոգետի հասցեին նման կասկածներ տարածելու համար ինչ հիմքեր ունի։ Տիկին Ամիրխանյանը պատմեց, որ զայրացած է կինոգետի, իր խոսքով, հակաբարոյական, Հենրի Միլլերի «Խեցգետնի արեւադարձը» գործի թարգմանությունից. «Աղջիկս գնել–բերել է գիրքը, պատահաբար ձեռքս ընկավ, կարդացի….մի՞թե դա այսօրվա համար անհրաժեշտ թարգմանություն է»:
Տիկին Ամիրխանյանը կինոգետի գործունեությունը համարում է «ջհուդական էքսպանսիայի հերթական դրսեւորում մեր երկրում» եւ վերագրում դա «հակահայկական հատուկ ծրագրի» իրականացմանը. «Ես նրա ֆեյսբուքյան էջում էլ մեկնաբանությունների մեջ շեշտել եմ եւ նորից եմ կրկնում` չգիտեմ, փաստեր չունեմ՝ նա դա անում է ինքնակամ, թե հատուկ հրահանգով: Ի՞նչ նպատակով է նա սեռական նմանօրինակ հարցեր բարձրացնում մի երկրում, որտեղ առանց այդ էլ այնքան խնդիրներ կան»:
Մենք հեռախոսազրույց ունեցանք նաեւ կինոգետ Զավեն Բոյաջյանի հետ, ով ասած, որ մեկնաբանելու որեւէ ցանկություն չունի. «Նպատակահարմար չեմ համարում անդրադառնալ կնոջ հնչեցրած այդ կասկածներին: Ես նրան հանել եմ ֆեյսբուքյան իմ ընկերների ցուցակից եւ դրանով արդեն արտահայտել իմ վերաբերմունքը նրա մեկնաբանությանը»:
Տիկին Ամիրխանյանն այն կարծիքին է, որ կինոգետը պարտավոր է սպառիչ մեկնաբանություններ տալ իրեն. «Չէ՞ որ նա հասարակական գործունեություն է ծավալում, գումարներ եւ ժամանակ է ծախսել այդ թարգմանության վրա եւ ազգին դեմ տվել: Իսկ եթե նա մեծամտանում կամ արհամարհում է իմ տեսակետը, նա այդ իրավունքը չունի: Ես պատրաստ եմ անձամբ հանդիպելու եւ բոլոր հարցերս ուղղելու նրան` դեմ առ դեմ: Եթե նա լռում է, ուրեմն ընդունում է, որ մեղավոր է: Վերջապես ես էլ այս պահին գիտական աշխատանքով եմ զբաղված եւ հավաստիացնում եմ, որ ավելի բարձր, ազգանպաստ նպատակներ եմ հետապնդում, քան նրա նմանօրինակ թարգմանությունը կամ ֆեյսբուքյան իր էջում տեղադրած անհասկանալի սեռական բնութագիր ունեցող լուսանկարները»,- ասաց տիկին Ամիրխանյանը՝ նշելով, որ մյուս կողմից ինքը ողջունում է Բոյաջյանի սարոյանական թարգմանությունները։
«Վերջապես, նա, ով գիտի՝ ինչ է կատարվում, հասկանում է, թե ինչի մասին է խոսքը: Ես ուզում եմ մի մեջբերում անել Ալան Դալեսի ներկայացրած «Սատանայի ծրագիրը և այլասերվածության պաշտպանները» հայտնի «գլուխգործոցից»:
«Գրականությունից և արվեստից, օրինակ, մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը... Գրականությունը, թատրոնը, կինոն կպատկերեն և կփառաբանեն մարդկային ամենացածր ու զազրելի զգացումները: Մենք ամեն կերպ կօգնենք ու կբարձրացնենք այսպես կոչված արվեստագետների, որոնք կսկսեն գիտակցության մեջ սերմանել և մարդկանց գլուխները խցկել սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքով` ամեն տեսակ անբարոյականության պաշտամունքը: Եվ միայն քչերը, շատ քչերը կենթադրեն ու կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք ծաղրի առարկա…»
Ինքներդ նայեք, ինչ է կատարվում նրա ֆեյսբուքյան այդ մեկնաբանության տակ: Երեւի նրա համախոհներն են, որ այդպես ծաղրի են ենթարկում իմ մեկնաբանությունը»,- NEWS.am-ին ասաց Գայանե Ամիրխանյանը։




























