Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն դեռեւս չի ստացել Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի նամակը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայության  ղեկավար Վահրամ Մելիքյանը: 

Հիշեցնենք, որ խոսքը ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանին այցելելու մասին է:

«Մենք հավելյալ տեղեկություն չունենք այդ հարցով, բացի լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունից: Տվյալ պահին կարելի է հաստատել, որ Կաթողիկոսը նամակ դեռ չի ստացել», - նշել է Վահրամ Մելիքյանը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` նոյեմբերի 1-ին Հակոբ Ինջիղուլյանին այցելել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն: Նա հանդիպումից հետո հայտնել էր, որ  մտադիր է նամակ ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին:

Շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել եւ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից վերահսկվող տարածքում էր հայտնվել օգոստոսի  8-ի գիշերը: Մեկ օր անց նրան տեղափոխել էին Բաքու: Ադրբեջանական կողմը տարատեսակ պատճառաբանություններով հետաձգում էր ռազմագերու եւ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը: ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն առաջին անգամ կարողացել էին այցելել 12 օր անց: