Ավստրալիայում նախապատմական կաթնասունի՝ հնագույն բադակտուցի մնացորդներ են գտել, որին գիտնականներն անվանել են Obdurodon tharalkooschild: Ըստ նրանց հաշվարկների՝ այն Երկրում բնակվել է միլիոնավոր տարիներ առաջ եւ իր չափերով կրկնակի գերազանցել իր տեսակի ժամանակակից ներկայացուցիչներին, փոխանցում է NBC News-ը՝ վկայակոչելով Journal of Vertebrate Paleontology.-ի հոդվածը:
Նյու Յորքում Կոլումբիայի համալսարանի գիտնականները Ռեբեկա Պիանի գլխավորությամբ զարմանալի բացահայտում են կատարել: Նրանք պեղումներ էին անցկացրել Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի տարածքում եւ ատամ էին հայտնաբերել, որի անալիզը հետագայում ցույց էր տվել, որ այն բադակտուցի է պատկանել: Ընդ որում, մնացորդների չափերից ելնելով, կենդանին սովորական չի եղել եւ նույնիսկ հսկայական չափեր է ունեցել:
Հնագույն բադակտուցի երկարությունը եղել է գրեթե մեկ մետր: Ընդ որում, ըստ գիտնականների, կենդանին սնվել է ոչ միայն մանր միջատներով եւ խեցգետիններով, ինչպես որ ժամանակակից բադակտուցները, այլեւ փոքր ողնաշարավորներով՝ ձկներ, ամֆիբիաներ, փոքր կրիաներ, հայտնում է NEWSru.com-ը: Բադակտուցն ապրել է 5-15 միլիոն տարի առաջ, գիտնականները դեռ պետք է պարզեն ճշգրիտ ժամանակաշրջանը: Obdurodon tharalkooschild անվանումը վաղեմի բադակտուցին տրվել է նրա մոտ ատամների առկայության պատճառով եւ Ավստրալիայի առասպելաբանության մեջ բոլոր բադակտուցների «նախնու»՝ Tharalkoo բադիկի անվամբ:





























