Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ասել է, թե Հրանտ Դինքի սպանության մեջ մեղավորների պաշտոնները բարձրացվել են։

Թուրքական Taraf-ի հետ հարցազրույցի ժամանակ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, անդրադառնալով Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությանը, ասել է, թե իշխանություններն այս գործին բավականաչափ հետամուտ չեն։

«Սպանության մեջ պատասխանատուների պաշտոնները բարձրացվեցին։ Որոշները դարձան պատգամավոր եւ նախարար։ Սա, իրոք, 21-րդ դարի Թուրքիային հարիր չէր։  Մարդուն փողոցի մեջտեղում սպանում են, որի սկիզբը դրվել էր Տրապիզոնում։ Ամբողջ ընթացքից տեղյակ էին, գիտեին, որ սպանելու են Դինքին, բայց միջոցներ չձեռնարկեցին կանխելու համար։

Սպանությունը տեղի ունենալուց հետո ամբողջ մեղքը փորձում են գցել մի քանի հոգու վրա եւ փակել գործը։ Մենք դա չենք ընդունում։ Դինքը մեր մարդն էր։ Լրագրող էր, մտավորական։ Անհրաժեշտ է, որ ժողովրդավարության եւ իրավունքի պաշտպան պետությունը մեղավորներին հայտնաբերի։ Եթե չի հայտնաբերում, ուրեմն ինքը հանցակից է։ Իշխող կուսակցությունն այդ սպանության հանցակից է»,-ասել է Քըլըչդարօղլուն։