Գառնի գյուղից 22-23 տարեկան 5 տղաներ, ովքեր եկել են շինարարության մեջ դրամ վաստակելու, անցնելով Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքով եւ նկատելով, որ այնտեղ շինարարական աշխատանքներ են կատարվում, մոտեցել են հոգեւորականներին եւ առաջարկել իրենց մեկ ամսվա աշխատավարձը ներդնել բարեկարգման աշխատանքների համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյան:
«Ես այդ տղայի անունը ինձ մոտ Սասուն բարերար գրեցի, սակայն ասաց, որ բարերար չգրեմ, քանի որ նա ընդամենը իր ներքին ցանկությունն է իրականացրել: Տղաներին, որ տեսնենք կհասկանանք, որ անապահով ընտանիքից են: Այնպիսի տեսք ունեն, որ մարդ կուզի նույնիսկ իրենց օգտակար լինել, բայց կարեւորը մարդու կարողությունը չէ, այլ մարդու մեջ բարին գործելու, բարերարություն անելու ցանկությունը: Դա մեծագույն հարստությունն ու արժեքն է : Նրանց յուրահատուկ քայլը ինձ տպավորեց»,- պատմեց Տեր Հակոբը եւ ավելացրեց, որ տղաները առաջարկել են նաեւ իրենց մասնագիտական հմտությունները եւս ծառայեցնեն եկեղեցու բարեկարգմանը:
«Պատահական մարդիկ են մոտենում ասում, որ թեեւ գումարով չեն կարող օգնել, բայց առաջարկում են, որ ֆիզիկապես ներգրավվեն բարեկարգման աշխատանքներում: Շատ ուրախալի է: Եկեղեցին միջոց է դառնում: Դա արարք է, որից եւ իրենք եւ մենք ենք մեզ լավ զգում»,- ավելացրեց Տեր Հակոբը:



























