Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանն այսօր՝ նոյեմբերի 6-ին ընդունել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանին:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե վարչապետը կարեւորել է հայկական երկու հանրապետությունների ազգային վիճակագրական ծառայությունների` հուշագրով ամրագրված փոխհամագործակցությունը հատկապես առաջիկայում, երբ Արցախի Հանրապետությունը 2015 թվականին նախապատրաստվում է մարդահամարի: Այս հարցում Ա. Հարությունյանն ակնկալում է հայաստանյան վիճակագիրների անմիջական օժանդակությունը: Նախքան մարդահամարի անցկացումը, կառավարության ղեկավարի խոսքով` անհրաժեշտություն է լինելու հանրապետությունում մի շարք ուսումնասիրություններ կատարել երկրի սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական իրավիճակի գնահատման, տնտեսական մակրոցուցանիշների ճշտման վերաբերյալ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ս. Մնացականյանը պատրաստակամություն է հայտնել փորձի ու գիտելիքների փոխանակման եւ այլ հարցերում:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը, քննարկվել են նաեւ երկու կառույցներին վերաբերող այլ հարցեր: