Կոտայքի մարզի Սոլակ գյուղում մեկնարկել է ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված երկօրյա միջոցառումը, որի շրջանակներում գյուղի դպրոցականները ծանոթացել են ոստիկանության աշխատանքին:
Միջնակարգ դպրոցի 30 աշակերտներ հանդիպել են տեղի ոստիկանների հետ՝ քննարկելու ոստիկանության աշխատանքի մարտահրավերները եւ մարզի անվտանգության իրավիճակը: Այս ծրագրում գործընկեր հանդիսացող «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոնի» փորձագետները դպրոցականներին կներկայացնեն թմրամոլության հետ կապված խնդիրները եւ կքննարկեն մարդկանց թրաֆիքինգի եւ կոռուպցիայի հետեւանքները: Երեխաները նաեւ հնարավորություն կունենան տեսնելու այն սարքավորումները, որոնք ոստիկաններն օգտագործում են իրենց աշխատանքում եւ երթեւեկել ոստիկանական ավտոմեքենայով:
«Իրավական հետազոտությունների ազգային կենտրոնի» նախագահ Տիգրան Երանոսյանը նշել է. «Դպրոցի անվտանգությանն ու ոստիկանություն–աշակերտ գործակցությանը հետամուտ նախաձեռնությունները նպաստում են համայնքային ոստիկանության ձեւավորմանը Հայաստանի մարզերում: Այդ նախաձեռնությունները նպատակ ունեն բարձրացնելու հանրության վստահությունը ոստիկանության հանդեպ եւ խթանելու ոստիկանության եւ քաղաքացիական հասարակության համագործակցությունը հատկապես մարզերում»:
Վաղը նախաձեռնությանը կհաջորդի հանդիպում տեղի հումանիտար ինստիտուտի ուսանողների հետ, ովքեր կծանոթանան համայնքային ոստիկանության՝ որպես ոստիկանության նոր մոդելի հետ եւ կմասնակցեն քաղաքացիական խորհրդատվական խմբի դերախաղին:
2013թ. մարտ ամսից ի վեր գյուղական վայրերից շուրջ 270 դպրոցական հնարավորություն են ունեցել անմիջականորեն ծանոթանալու իրենց մարզային ոստիկանության բաժինների գործունեության հետ այս ծրագրի շրջանակներում: Ավելին՝ Հայաստանի յոթ մարզերից 140 ուսանող եւ 70 համայնքային ոստիկան նույնպես հնարավորություն են ունեցել ձեւավորելու ավելի լավ համագործակցային հարաբերություններ:



























