Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնյան փաստացի «տեղն է դրել» Ռուսաստանին: Ինչպես հաղորդում է Trend-ը, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Էլնուր Ասլանովը՝ մեկնաբանելով Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատարի խոսքը, ասել է հետեւյալը. «Ադրբեջանը հիմա ուժեղ եւ անկախ է, ինչպես երբեք: Ադրբեջանն այսօր ունի ինչպես հզոր բանակ, այնպես էլ անկախ քաղաքականությունը: Մեր երկիրը թույլ չի տա որեւէ երկրի կամ կողմի խառնվել սեփական տարածքների վրա վերահսկողության վերականգնման հարցում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին՝ ռուսական «Կրասնայա զվեզդա» ռազմական պարբերականին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել էր հետեւյալը. «Եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշում կայացնի փորձել Լեռնային Ղարաբաղի հանդեպ իրավասությունը վերականգնել ուժային ուղիով, Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանը կարող է միջամտել զինված հակամարտությանը՝ ՀԱՊԿ շրջանակներում Ռուսաստանի պայմանագրային պարտականություններին համապատասխան»: