Հայկական կողմը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին խնդրում է Ադրբեջանում գերեվարված հայ զինվորին փոխանցել, որ տուն վերադառնալուց հետո նա ամբողջ ծավալով կկարողանա օգտվել իր իրավունքներից՝ շարունակելով մշտապես բնակվել Հայաստանում կամ մշտական բնակության տեղափոխվելով երկրորդ, երրորդ կամ նույնիսկ՝ չորրորդ երկիր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Էրծրուն Հովհաննիսյանը:

Նա մասնավորապես նշել է.

«Հայաստանի Հանրապետությունը մշտապես հետամուտ է լինում իր ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված է 1948թ. դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով սահմանված իրավունքների ու ազատությունների ամբողջ շրջանակը:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 13-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի տեղաշարժվելու եւ բնակության վայր ընտրելու ազատության իրավունք յուրաքանչյուր պետության սահմաններում, ինչպես նաեւ իրավունք ունի ցանկացած երկրից, այդ թվում՝ իր երկրից հեռանալու եւ իր երկիր վերադառնալու իրավունք: Իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 25-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու եւ բնակավայր ընտրելու իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք: Յուրաքանչյուր քաղաքացի եւ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետություն վերադառնալու իրավունք:

Հայկական կողմը կրկին երաշխավորում է, որ ս.թ. օգոստոսի լույս 8-ի գիշերը տեղանքում չկողմնորոշվելու պատճառով շփման գիծը հատած, դրա հետեւանքով ադրբեջանական զորքերի վերահսկման գոտում հայտնված եւ վերջիններիս կողմից գերեվարված Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի:

ԿԽՄԿ-ին խնդրվում է Ադրբեջանում գերեվարված հայ զինվորին փոխանցել, որ տուն վերադառնալուց հետո նա ամբողջ ծավալով կկարողանա օգտվել իր իրավունքներից՝ շարունակելով մշտապես բնակվել Հայաստանում կամ մշտական բնակության տեղափոխվելով երկրորդ, երրորդ կամ նույնիսկ՝ չորրորդ երկիր»: