Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքել է տեղեկությունը, թե ինքը եւ իր տեղակալ Հունան Պողոսյանը բռնություն են գործադրել ձերբակալված Շանթ Հարությունյանի եւ ազատամարտիկ Վարդան Վարդանյանի նկատմամբ:

«Տրամաբանության բացակայություն եմ տեսնում: Նախ եւ առաջ, հազարից ավել մարդ կար էնտեղ՝ (ոստիկանության Կենտրոնականի) բաժնի շենքում, երկրորդը՝ եթե էս երկու տարիների ընթացքում նման դեպք է եղել, ուրեմն՝ սա էլ կարող է իրականությանը համապատասխանել: Իհարկե, չի եղել եւ չէր կարող լինել նման դեպք: Հանձնաժողով, մեկուսարան ընդունել, բոլոր տեղերը ամեն ինչ ֆիքսվում է: Սա նույնպես հիվանդ երեւակայության արդյունքն էր: Ի՞նչ եք պատկերացնում հետո. ոստիկանապետը իրեն թույլ տար նման բան անել՝ Շանթից բան կմնա՞ր: Որտե՞ղ է տրամաբանությունը: Բացի դրանից՝ էնտեղ եղել են պատգամավորներ եւ այլն», - ասել է ոստիկանապետը:

Դիտարկմանը, որ Շանթ Հարությունյանը նախքան երթը հայտարարել էր, որ իրենք զինված են բենզինի շշերով, քարով, փայտով եւ այլ իրերով, իսկ ոստիկանությունն, իր հերթին, հաղորդագրություն էր տարածել, որ Շանթ Հարությունյանը բռնության կոչեր էր հնչեցնում Ազատության հրապարակում, եւ հարցին, թե այդ ամենը հաշվի առնելով, հնարավոր չէր նախապես կանխել բախումը, Վլադիրմիր Գասպարյանն արձագանքել է. «Հայտարարվեց եւ կանխվեց: Եթե մտածում եք, որ հենց այդ պահին հայտարարվում է եւ ձեռնաշղթաները հագցնում են եւ տանում են, դուք սխալվում եք: Հայտարարվեց եւ կանխվեց միջադեպը: Մեր տեսադաշտում են եղել ամբողջ գործողությունները, եւ ոստիկանությունը գործել է ըստ մշակված ծրագրի»:

Նա ընդգծել է, որ ոստիկանները ոչ իրավաչափ չեն գործել. «Դուք նկատեցի՞ք, որ ոստիկանները նույնիսկ ռետինե մահակներ չունեին: Դատարկ ձեռքերով կանգնած էին»:

Վլադիմիր Գասպարյանը գնահատեց որպես քրեական հանցագործություն: «Ոչ մի քաղաքական բան: Ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը: Եթե մեր հասարակությունը հիվանդ է այն աստիճան, որ Շանթի դատարկախոսությունները եւ այս մի քանի քրեական տարրերի արած գործողությունները հեղափոխություն է որակում, վայ մեր հասարակությանը»,-ասել է նա՝ հավելելով, որ բացի իրավապահներից, ոչ ոք չի տուժել:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի 14-ամյա որդին հայտարարել է, որ իրեն ոստիկանության բաժին տեղափոխելիս տաքսի մեքենայում ծեծել են:

Ոստիկանապետը նաեւ չի բացառել, որ ձերբակալվածների թիվն ավելանա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 6-ին այցելել է Ձերբակալվածների պահման վայր եւ հանդիպել նոյեմբերի 5-ի միջադեպի կապակցությամբ ձերբակալված բոլոր 20 անձանց հետ:

Պատգամավորը Facebook-ի իր էջում գրել է. «Շանթ Հարությունյանն ինձ տեղեկացրեց, որ Կենտրոնի ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն են գործադրել անձամբ ՀՀ Ոստիկանության պետ Վ. Գասպարյանը եւ Ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը: Վերջինս նաեւ սպառնալիքներ է տեղացել Շանթ Հարությունյանի որդու հասցեին եւ նվաստացուցիչ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել: Ըստ Շանթ Հարությունյանի, մի խումբ ոստիկաններ այդ ընթացքում իր ձեռքերը բռնած են եղել:

Անձամբ Վ. Գասպարյանի կողմից բռնության ենթարկվելու մասին հայտարարեց նաեւ ձերբակալված ազատամարտիկ Վարդան Վարդանյանը: Ոստիկանները Վարդանյանի կրծքից պոկել են նաեւ պետական պարգեւների արժանացածի կրծքանշանը:

Որպես ԱԺ պատգամավոր պահանջում եմ այս հայտարարությունների կապակցությամբ պատշաճ քննության իրականացնել»:

Ոստիկանությունն իր հերթին հերքել է այս տեղեկությունը: