Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում ձերբակալվածներ Արման Մխիթարյանը, Ավետիս Ավետիսյանը եւ Սևակ Մնացականյանը քաղաքացիական ակտիվիստներ են, մասնակցել են Թեղուտի, «Փակ շուկայի», նույնասեռականների եւ այլ թեմաներով բողոքի ակցիաների: Այս մասին այսօր` նոյեմբերի 7-ին, լրագրողներին ասաց Արման Մխիթարյանի կինը՝ Սաիդա Պողոսյանը:

«Որտեղ տեսնում են, որ իրենց ներկայությունը պարտադիր է, իրենք այնտեղ են, քանի որ այս երկրի քաղաքացի են», - ասաց նա։

Ձերբակալվածների ընկերներից Մերի Սաֆարյանն ասաց, որ Մաշտոցի պողոտայի միջադեպի ժամանակ սադրիչներ եղել են. «Քաղաքացիական հագուստով մեկը բռնել էր տղաներից մեկին, ժողովուրդը չորս կողմից գոռում է՝ ո՞վ ես, ո՞վ ես, ինքը հանում է վկայականը և ցույց տալիս։ Չեմ բացառում, որ ինքը միակը չի եղել։ Այսինքն, էլի են եղել նման մարդիկ, որոնք քաղաքացիական հագուստով փորձել են սադրել»,- ասաց Մերի Սաֆարյանը:

Մերի Սաֆարյանի մոտ տպավորություն է ստեղծվել, որ ձերբակալում էին կոնկրետ մարդկանց. «Ես չգիտեմ՝ դա վերևից էր ծրագրված, թե ով էր, ինչ էր, բայց տպավորությունն այդպիսին էր: Ժողովրդին էնքան էին շղթայով էս կողմ, էն կողմ տանում, մինչև իրենց պետք եղած մարդուն գտնում, բռնում, տանում էին: Դա շարունակվեց այնքան ժամանակ, մինչև բոլորին իրենք հավաքեցին, ու հետո մի հատ ոստիկան այնտեղ չէիք գտնի»:

Ըստ Մերի Սաֆարյանի, ձերբակալել են այն մարդկանց, ովքեր փորձում էին երկրում ինչ որ բան փոխել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում Շանթ Հարությունյանի, ակտիվիստների և ոստիկանների միջև բախումներ են եղել, որոնց ընթացքում ձերբակալվել է 20 մարդ: