Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստի շրջանակում այսօր՝ նոյեմբերի 7-ին, Երեւանում տեղի է ունեցել հայ-իրաքյան գործարար համաժողովը, որի բացմանը ներկա էին միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներ, Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ Իրաքի փոխվարչապետ Ռոուշ Նուրի Շաուեյսը:

Փոխվարչապետն իր բացման խոսքում ողջունեց համաժողովի մասնակիցներին եւ արդյունավետ աշխատանք մաղթեց: Նա վստահություն հայտնեց, որ միջոցառումը լավ հնարավորություն է հայ եւ իրաքցի գործարարների միջեւ համագործակցության, նոր կապերի հաստատման համար, ինչն էլ իր հերթին կնպաստի երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: "Իրաքն ունի հսկայական շուկա եւ այն մեծ հետաքրքրություն կներկայացնի նախեւառաջ հայ արտահանողների համար: Այդ առումով` միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում անցկացվող «Արտահանվող հայկական ապրանքներ» ցուցահանդեսը եւ գործարար համաժողովը նոր հնարավորություններ կընձեռեն թե՛ հայաստանյան ընկերություններին, թե՛ իրաքցի գործընկերներին` ծանոթանալու Հայաստանի տնտեսական, ներդրումային եւ արտահանման հնարավորություններին",-նշեց փոխվարչապետ Ա. Գեւորգյանը:

Համաժողովը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Արդյունաբերության զարգացման հիմնադրամի եւ Զարգացման հայկական գործակալության աջակցությամբ: Համաժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանում ներդրումային միջավայրին, ազատ տնտեսական գոտիներին վերաբերող եւ մի շարք այլ հարցեր: