Հարավային Կորեայի Բուսան քաղաքում ընթացող Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 10-րդ համաժողովին քննարկվել են եւ որդեգրվել մի շարք բանաձեւեր:
Նոյեմբերի 6-ի նիստում «Պետականազուրկ ժողովուրդների իրավունքի մասին» հայտարարության քննարկման ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսության պատվիրակության կողմից բարձրացվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանության հարցը: Պատվիրակությունը կոչ է արել ԵՀԽ-ին դատապարտելու այս հարցի առնչությամբ աշխարհում կիրառվող երկակի չափանիշները:
Նույն օրը համաժողովի շուրջ 345 եկեղեցիների 3000 պատվիրակներն Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով ընդունել են հատուկ բանաձեւ, որն արդյունքն էր Գարեգին Բ Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի պաշտոնական դիմումների, ինչպես նաեւ ԵՀԽ Կենտրոնական կոմիտեում Հայ Եկեղեցու նվիրակների հետեւողական աշխատանքի:
Նշյալ բանաձեւով որոշվեց`
1. 2015 թ. ապրիլի 24-ի շրջանին Ժնեւում կազմակերպել միջազգային կոնֆերանս Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի անդամ Եկեղեցիների, միջազգային զանազան կազմակերպությունների, իրավաբանների, իրավապաշտպանների մասնակցությամբ:
2. Սույն միջազգային կոնֆերանսին զուգընթաց կազմակերպել միջեկեղեցական աղոթք Ժնեւի Մայր տաճարում:
3. Միջազգային կոնֆերանսի օրերին հրավեր ուղղել աշխարհի բոլոր Եկեղեցիներին` աղոթել հայոց նահատակների համար:
Բանաձեւը, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ վերահաստատել է 1983 թ.-ին ընդունած ԵՀԽ դիրքորոշումը, նշանակալի ձեռքբերում էր Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում:
Նոյեմբերի 6-ի նիստերից մեկում տեղի է ունեցել նաեւ ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի ընտրությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսության երկու պատվիրակներ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը եւ Փոլա Տեր-Մաթոյանը վերընտրվել են ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի անդամ:




























