Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն նոյեմբերի 7-ին ընդունել է Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռոզ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրերին, ԱԺ նախագահը գոհունակությամբ նշել է, որ  փոխվարչապետի նախորդ այցը  էական նշանակություն ունեցավ երկկողմ հարաբերությունների, հատկապես առեւտրատեսական համագործակցության զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանի համոզմամբ այս այցը եւս հայ-իրաքյան զարգացող հարաբերությունների համար գործուն նշանակություն կունենա:

Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` կարեւորել է  հայ-իրաքյան համագործակցության հետագա զարգացումը տարբեր ոլորտներում` նշելով, որ  վերջին մեկ տարվա ընթացքում մեծ աշխատանք է կատարվել այս ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են միջխորհրդարանական կապերի հետագա ակտիվացումը եւ խորացումը, առեւտրատնտեսական կապերի զարգացումը: Երկուստեք արձանագրվել է, որ  հայ-իրաքյան առեւտրատնտեսական հարաբերությունների ձեւավորման եւ կայացման գործում մեծ ներդրում ունի հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովը: Երկկողմ հարաբերությունների  հետագա զարգացման համար զրուցակիցները անհրաժեշտ են համարել համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը:  Կողմերը կարեւորել են  տարբեր ոլորտներին առնչվող ներդրումային ծրագրերի իրականացումը` վստահություն հայտնելով, որ հայ-իրաքյան առեւտրատնտեսական հարաբերություններին զարգացում եւ առաջընթաց է սպասվում:

Իրաքյան կողմի խնդրանքով նույն օրը կայացել է նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային հանդիպումը Իրաքի փոխվարչապետին ուղեկցող գործարարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են առեւտրատնտեսական ոլորտին վերաբերող հարցեր:  Տնտեսական համագործակցությունը խթանելու առումով իրաքցի գործարարները կարեւորել են մուտքի արտոնագրերի դյուրացման եւ  երկու երկրների միջեւ  օդային հաղորդակցության  հարցերը: Երկուստեք կարեւորվել է ներդրումային խրախուսման քաղաքականությունը եւ համատեղ ձեռնարկությունների ստեղծման անհրաժեշտությունը: