Նոյեմբերի 7-ին տեղի ունեցել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը նախագահել է Էլինար Վարդանյանը:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե առաջին ընթերցումով քննարկվել է ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:
Հիմնական զեկուցող Հեղինե Բիշարյանը նշել է, հասարակության շրջանում «գենդեր» բառը տարաբնույթ ընկալումների եւ տարաձայնությունների պատճառ է դարձել, ուստի անհրաժեշտություն է առաջացել քննարկվող օրենքում «գենդեր» բառը փոխարինել «սեռ» կամ նույնաբովանդակ հայերեն այլ բառով:
Հարակից զեկույցում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը նշել է, որ կառավարությունը դեմ է օրենքի նախագծին: Նա անընդունելի է համարել «գենդեր» բառի փոխարինումը «սեռ» բառով: Փոխնախարարի գնահատմամբ՝ ի տարբերություն «գենդեր» եզրույթի՝ «սեռ» եզրույթը սոցիալական ուղղվածություն չունի:
Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հարակից ելույթում կարծիք է հայտնել, որ «սեռ» եւ «սեռային» ձեւակերպումները չեն կարող փոխարինել «գենդեր» եզրույթին, քանի որ տարբեր հասկացություններ են: Ըստ նրա՝ օրենքում «գենդեր» բառի սահմանումը պետք է հստակ լինի՝ տարակարծություններից խուսափելու համար:
Քննարկվող օրինագիծը չի արժանացել հանձնաժողովի դրական եզրակացությանը:




























