Հայտնի է դարձել գազի սակագինը, որն Ադրբեջանը վաճառում է Թուրքիային: Այս տեղեկությունները երկար ժամանակ գաղտնի էին պահվում եւ օրերս այն հասանելի է դարձել հանրությանը:
Ինչպես գրում է virtualaz.org-ը, վկայակոչելով «Hürriyet» պարբերականը, Թուրքիան էներգակիրների վրա ծախսում է վաթսուն միլիարդ դոլար: Մինչեւ այս տարվա վերջ այդ գումարը կարող է ավելանալ եւս երկու միլիարդով:
Ներկայումս Թուրքիային գազն ու նավթը հիմնականում մատակարարում են Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը: Հատկանշական է, որ ադրբեջանական գազը Թուրքիայում շատ ավելի էժան է, քան մյուս երկրներում: Այսպես, իրանական գազը Թուրքիայում արժի մեկ խորանարդ մետրի դիմաց 490 դոլար, ռուսականը՝ 420, ադրբեջանականը՝ 320:
Ընդգծենք, որ Թուրքիան ամեն ամիս Ադրբեջանից գնում է վեց միլիարդ խորանարդ մետր: Հաշվի առնելով գնային տարբերությունը, Ադրբեջանը ամեն տարի միջինում չի ստանում 600 միլիոն դոլար:
Պարբերականը նաեւ գրում է, որ TANAP խողովակաշարի շահագործման արդյունքում, դրանով անցնող գազի 10 միլիարդ խորանարդ մետր գազից 8-ը կմնա Թուրքիայում: Իսկ դա նշանակում է, որ «գազային պակասորդը» միայն աճելու է:
Ամենայն հավանականությամբ՝ ադրբեջանական գազի նման էական տարբերությունները պայմանավորված են «եղբայրական» հարաբերություններով: Թուրքիան՝ ցուցադրելով անշահախնդրության հրաշքներ, փաստացի վաճառում է իր աջակցությունը:





























