Եթե Երեւանի քաղաքապետարանը չբավարարի մեր պահանջները, ծայրահեղ միջոցների կդիմենք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, լրագրողներին հայտնել է Հայաստանի ուղեւորափոխադրող ընկերությունների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը: Նա հիշեցրել է, որ երեկ տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչները հավաքվել էին Երեւանի քաղաքապետարանի մոտ, որտեղ մոտ մեկ ժամ սպասել էին քաղաքապետարանի պաշտոնյաների հետ հանդիպման: Նրանց ընդունած քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գեւորգյանը հայտարարել է, թե քաղաքապետարանին ժամանակ է հարկավոր ուղեւորահոսքի վերաբերյալ հաշվետվություն ստանալու համար. այդ խնդիրը պետք է անկախ աուդիտորն իրականացնի:
«Մենք այլեւս սպասել չենք կարող. մեզ խոստանում են արդեն 5 տարի: Մենք բաց նամակ են հանձնել քաղաքապետին, որ ծայրահեղ քայլերի կդիմենք: Ֆինանսական առումով մենք ծայրահեղ վիճակում ենք: Այդ պատճառով էլ համաձայն ենք սպասել միայն երեք օր», – հայտարարել է Հ. Եղիազարյանը: Նա հավելել է, որ գծատերերի նշած ծայրահեղ միջոցները չեն ազդի բնակչության վրա. քաղաքային տրանսպորտը կանգ չի առնի: Թե ինչ կձեռնարկվի, գծատերերը նախընտրել են չասել:
Նշենք, որ գծատերերը դժգոհ են քաղաքապետ Տարոն Մարգարյանի ստեղծած հանձնաժողովի աշխատանքից, որը պետք է սահմաներ տրանսպորտի ուղեվարձի ինքնարժեքը: Աշխատանքի 3 ամսվա ընթացքում հանձնաժողովը միայն 2 նիստ է անցկացրել: Հաջորդ նիստին պետք է դիտարկվի ինքնարժեքի վերջին բաղկացուցիչը, սակայն դեռ հայտնի չէ, թե երբ է այն գումարվելու եւ երբ է լինելու աուդիտը:
Տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչները պահանջում են ուղեվարձի սակագինը բարձրացնել 200 դրամ: Նրանց կտրուկ քննադատում են հասարակական կազմակերպությունները եւ քաղաքական ընդդիմությունը:





























