Յասիր Արաֆաթի մասունքների փորձաքննությունը, որն անցկացվել է Շվեյցարիայում եւ Ռուսաստանում, հաստատում է, որ Պաղեստինի առաջնորդ Յասիր Արաֆաթը բնական մահով չի մահացել, մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Պաղեստինի քննչական կոմիտեի ղեկավար Տաուֆիկ Տիրաուին:
«Շվեյցարիայի եւ Ռուսաստանի փորձագետների զեկույցները հաստատել են եզրակացությունները, որոնց հանգել են Պաղեստինի քննչական մարմինները: Առաջին. Աբու Ամարը (Արաֆաթի կեղծանունը) ծերությունից չի մահացել: Երկրորդ. Աբու Ամարը հիվանդությունից չի մահացել: Երրորդ. Աբու Ամարը բնական պատճառներով չի մահացել»,-ասել է նա Ռամալահում լրագրողների հետ զրույցում: Ընդ որում, Տաուֆիկ Տիրաուին Յասիր Արաֆաթիմահվան հիմնական կասկածյալը համարում է Իսրայելին:
Ըստ նրա՝ պաղեստինցի քննիչները ենթադրում են, որ Արաֆաթի մահվան պատասխանատուն են Իսրայելի այն ժամանակվա վարչապետ Արիել Շարոնը, պաշտպանության նախարար Շաուլ Մոֆազը եւ մյուս ուժային կառույցների ղեկավարները:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Տիրաուին պարզաբանել է, որ հանձնաժողովը հարցաքննել է հարյուրավոր ականատեսների եւ վերլուծության ենթարկել այն ժամանակվա իսրայելցի բոլոր առաջնորդների «արտահայտությունները», որոնք «վկայում են, որ իրենք են կանգնած եղել Արաֆաթին մահվան հետեւում»:
Նա նաեւ հայտնել է, որ Ֆրանսիայի իշխանությունները գիտեն Արաֆաթի մահվան պատճառների վերաբերյալ ողջ ճշմարտությունը, սակայն հրաժարվում են հայտնել: «Ֆրանսիան գիտի նախագահ Արաֆաթի մահվան ճշմարտությունը: Ֆրանսիացիները պետք է պահած լինեին Արաֆաթի արյան նմուշները 10 տարի, սակայն ոչնչացրել են դրանք», - ասել է նա:
Իր հերթին Պաղեստինի քննչական կոմիտեի անդամ բժիշկ Աբդալլա ալ Բաշիրը հայտնել է, որ ռուսաստանցի փորձագետները, ինչպես եւ նրանց շվեյցարացի գործընկերները, Յասիր Արաֆաթի մասունքներում բարձր քանակությամբ պոլոնիում են հայտնաբերել, սակայն չեն համարձակվում պնդել, որ հենց այդ ռադիոակտիվ տարրն է դարձել Արաֆաթի մահվան պատճառը:
«Ռուսական եւ շվեյցարական զեկույցները հաստատում են մեծ չափաբաժնով պոլոնիում-210-ի առկայությունը», - ասել է ալ Բաշիրը, որը քննության շրջանակում գլխավորում է բժշկական կոմիտեն:
«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, նոյեմբերի 7-ին շվեյցարացիները հայտարարել էին, որ Արաֆաթի մնացորդներում մեծ քանակությամբ ռադիոակտիվ պոլոնիում-210 տարր է հայտնաբերվել: Նրանք չէին բացառել, որ Արաֆաթը թունավորվել էր, սակայն ընդունում են նաեւ, որ նյութը կարող էր օրգանիզմ ներթափանցել նաեւ բնական ճանապարհով, իսկ պաղեստինցի առաջնորդը մահացել է այլ պատճառով:





























