Նոյեմբերի 8-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվեց հուլիսի 4-ին դատախազության շենքն այրելու փորձ կատարած Խաչատուր Ղալեչյանի գործը:
Ղալեչյանը հուլիսի 4-ին, ժամը 22:50-ի սահմաններում, ապակե տարայով դյուրավառ հեղուկ էր բերել դատախազություն եւ շպրտել դռան վրա, փայտե դուռն անմիջապես բռնկվել էր՝ դատախազությանը պատճառելով 37.550 դրամի վնաս։ Մեղադրյալն արդեն փոխհատուցել է վնասը։
Խաչատուր Ղալեչյանի մայրը NEWS.am-ի թղթակցին պատմեց, որ որդին Գարեգին Նժդեհ 1/1 հասցեում ունեցել է նկուղային խանութ, որն «8 տարի առաջ իրենից խլել են, աճուրդի դրել և վաճառել»:
Այս հարցով Ղալեչյանը մի քանի անգամ դիմել է դատախազություն, սակայն պատասխան չի ստացել, այդ պատճառով որոշել է գլխավոր դատախազին իր ձայնը լսելի դարձնելու համար գնալ ծայրահեղ քայլի։ Ձերբակալության 4 ամիսների ընթաքում Ղալեչյանը 3 անգամ հացադուլ է հայտարարել՝ առաջին անգամ՝ 38 օր, երկրորդ անգամ՝ 25 օր, երրորդ անգամ հացադուլ է հայտարարել 3 օր առաջ:
«Ղալեչյանն այս ընթացքում 8 դատապաշտպան է փոխել, վերջինը ես էի, որ կարողացա նրան դուրս բերել հացադուլի ծանր վիճակից և պատրաստել դատին»,- ասաց Ղալեչյանի պաշտպան Հայկ Հակոբյանը:
Պաշտպանը դատի ընթացքում արագացված դատավարություն անցկացնելու միջնորդություն ներկայացրեց։ Միջնորդությունն ընդունվեց։ Մեղադրող կողմն առաջարկեց Ղալեչյանին դատապարտել 1 տարվա ազատազրկման՝ հաշվի առնելով, որ նախկինում դատված չի եղել, և կիրառելով համաներման մասին Ազգային ժողովի օրենքը, նրան ազատ արձակել դատական նիստերի դահլիճից։ Դատավոր Գագիկ Պողոսյանը կայացրեց որոշում, որով Խաչատուր Ղալեչյանին դատապարտեցին 1 տարվա ազատազրկման, և համաներման կիրառումով ազատ արձակեցին։





























