«Ամերիա» բանկն ու «Կասկադ» բանկը միաձուլման գործընթաց են սկսել։ Այս մասին մարտի 31-ին կայացած ասուլիսում տեղեկացրեցին «Ամերիա» բանկի տնօրեն Արտակ Հանեսյանն ու «Կասկադ» բանկի տնօրեն Ահարոն Լեւոնյանը։ Ըստ «Ամերիա» բանկի տնօրենի, բանկերի բաժնետերերի միջեւ համապատասխան համաձայնագիրը կնքվել է մարտի 31-ին։ Բանակցությունների ընթացքում որոշում է կայացվել, որ միաձուլված բանկը հանդեսկգա «Ամերիա» բանկ անունով։ 2009 թվականի վերջին օրվա տվյալի համաձայն երկու բանկերի կոնսոլիդացված կապիտալը կազմում է 75 մլն դոլար, ակտիվները՝ 397 մլն, պարտավորությունները՝ 262 մլն, իսկ վարկային պորտֆելը՝ 179 մլն դոլար։ «Միաձուլման արդյունքում բանկը տեղ կգրավի Հայաստանի խոշոր բանկերի եռյակում»,- նշեց Հանեսյանը։

Ըստ «Կասկադ» բանկի տնօրեն Ահարոն Լեւոնյանի՝ Հայաստանում գործող 22 բանկերի միջեւ լուրջ մրցակցություն կա, այդ իսկ պատճառով բանկերի բաժնետերերը, որոշում են կայացրել շուկայում դիրքերն ամրապնդելու համար միաձուլվել։ Նա ընդգծեց, որ «Կասկադ» բանկի բաժնետեր «Գաֆեսճեան ընտանիք» հիմնադրամը Հայաստանի ֆինանսական շուկայում պահպանում է իր ներկայությունը, սակայն արդեն միաձուլված բանկում։ «Ամերիա» բանկի տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց, որ նման գործարքների համար «Ամերիան» բանակցություններ է վարում եւս 2-3 հայաստանյան բանկերի հետ։ «Բանկերի միաձուլումից վարկային փաթեթները կմեծանան, այսինքն՝ բանկերը կկարողանան շուկայում եղած մեծ առաջարկներին համապատասխան առաջարկ կատարել, իսկ այս միաձուլումից հետո, նախատեսում ենք որոշակի նոր ծառայություններ մատուցել հաճախորդներին»,- նշեց Հանեսյանը։

Ըստ նրա՝ վերջնական միաձուլումը կկայանա մինչեւ այս տարեվերջ։