Առատաշեն գյուղում նորածիններ Մերի եւ Մարիամ Վարդանյանների ընտանիքը չի կարողանում մարել բանկերից վերցրած 3 միլիոն դրամ պարտքը, որով նաեւ երեխաների գերեզմանն է կառուցել:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մահացած նորածիների հայրը` Վաղինակ Վարդանյանը:

Նա նշեց, որ մինչեւ երեխաների մահանալն էր վարկը վերցրել եւ որպես զույգ երեխաների ունենալու աչքալուսանք՝ 3 գյուղի մատաղ է բաժանել, իսկ երբ երեխաները հիվանդացել են, այդ գումարից նաեւ հիվանդանոցի ծախսերն է հոգացել: Վարդանյանը նաեւ ասաց, որ եթե կարողանար այդ վարկը փակել, կմեկներ արտագնա աշխատանքի գումար վաստակելու, բայց մինչեւ պարտքը չմարվի, չի կարող գնալ: Իսկ պարտքը մարելու հնարավորություն չունի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նորածին Մերի եւ Մարիամ Վարդանյանները մինչեւ մահանալը շատ առողջ են եղել, իսկ դեպքը տեղի է ունեցել երեխաների մոր հայրական տանը, երբ վերջինս երեխաների հետ «դարձ» է գնացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Առատաշեն համայնքի ղեկավար` Վահրամ Հարությունյանը: Գյուղապետը պատմել էր, որ նորածինների ծնողները 4 տարի է, ինչ ամուսնացած են եւ ունեին երեք աղջիկ: Մեծ աղջիկը արդեն 3 տարեկան է: Ընտանիքը սոցիալապես անապահով է եւ հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղվում: Տեղեկացրել էինք նաեւ, որ ըստ դատախազության տվյալների, «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ 2013 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում իրենց մոտ է ընդունվել 22.11.2012թ. ծնված Մերի Վարդանյանի դիակը:

Պարզվել է, որ Մերի Վարդանյանը եւ նրա երկվորյակ քույրը՝ Մարիամ Վարդանյանը, դրանից կարճ ժամանակ առաջ մահացել են իրենց տանը: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ երեխաների մայրը՝ նույն օրը` ժամը 05:00-ի սահմաններում, երեխաներին կերակրել է դեղատնից գնված մանկական չոր կաթնային կերով: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի հատկանիշներով (անզգուշությամբ մահ պատճառելը) եւ ուղարկվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Բացի այդ, առգրավվել է նաեւ չոր կաթը, որը նույնպես ուղարկվել է փորձաքննության։ Նախնական տեղեկություններով` չոր կաթը եղել է «Նեստոժեն» ֆիրմայի արտադրանք: Նրանց մահվան փաստով նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքներով էլ նորածինների մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: