ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում կոռուպցիոն սկանդալ է ծագել։ Հրամանատարությունը ժամանակավորապես աշխատանքից ազատել է բարձրաստիճան երկու սպաների, որոնք կոռուպցիոն խոշոր սխեմայում ընդգրկվածության մեջ են կասկածվում։

Գործակալության տվյալով՝ ԱՄՆ-ի ծովային հետախուզության տնօրեն, փոխծովակալ Թեդ Բրանչը եւ նույն գերատեսչության հետախուզական գործողությունների բաժնի պետ, կոնտրծովակալ Բրյուս Լավլեսը զրկվել են գաղտնի փաստաթղթերի հասանելիության իրավունքից ու հարկադիր արձակուրդի ուղարկվել։

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Ջոն Քերբին հայտնել է, որ Բրանչին եւ Լավլեսին կասկածում են, որ վերջիններս նախքան բարձր պաշտոնում նշանակվելը ոչ պատշաճ եւ ապօրինի կապ են ունեցել սինգապուրյան ընկերություններից մեկի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AP-ը։

Gazeta.ru-ն, վկայակոչելով Reuters-ը, հայտնում է, որ խոսքը Glenn Defense Marine Asia Ltd ընկերության մասին է։

Այն տեւական ժամանակաընթացքում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերից ռազմանավերի սպասարկման պատվերներ է ստացել՝ դրամական պարգեւատրումների, զբոսաշրջային թանկարժեք ուղեւորությունների եւ մարմնավաճառների ծառայությունների դիմաց։ Գործակալության տվյալով, տվյալ գործով արդեն բարձրաստիճան երեք զինվորական է ձերբակալվել։