Հունաստանի ընդդիմությանը չի հաջողվել պաշտոնանկ անել կառավարությանը՝ Անտոնիս Սամարասի գլխավորությամբ, խորհրդարանը նոյեմբերի 10-ի երեկոյան մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկը: Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 124 պատգամավոր՝ անհրաժեշտ 151-ի փոխարեն (խորհրդարանն ունի 300 պատգամավոր): Առաջարկին դեմ է քվեարկել 153 պատգամավոր, ձեռնպահ են եղել 17-ը: Քվեարկության արդյունքն իշխող «Նեա դեմոկրատիա» եւ ՊԱՍՈԿ-ի ներկայացուցիչներն ընդունել են ծափահարություններով:
Կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկին կողմ քվեարկած ՊԱՍՈԿ-ի պատգամավոր Թեոդորա Ձակրիին արդեն հեռացրել են կուսակցությունից, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը խորհրդարանում սկսել են քննարկելի ուրբաթ եւ այն ձգվել է 3 օր: Այդ ընթացքում հնչել են սուր քննադատություններ թե ընդդիմության, թե իշխանության ներկայացուցիչների կողմից:
Կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկն արել է Արմատական ուժերի կոալիցիայի (ՍԻՐԻԶԱ) առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը եւ նրա խմբակցության պատգամավորները: Նման նախաձեռնության պատճառը եղել է այն, որ նոյեմբերի 7-ի գիշերը ոստիկանությունը ներխուժել էր փակված պետական ERT ռադիոյի եւ հեռուստատեսության շենք: Հունիսից աշխատակիցները հրաժարվում են լքել աշխատավայրերը:





























