Շիրակի մարզի Սարագյուղի տներից մեկում կախված վիճակում հայտնաբերված 79-ամյա Սենիկ Բադոյանը ապրում էր որդու ընտանիքի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարագյուղի գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը:

Նա նշեց, որ մահացածի կինը շուտ է մահացել, նրանք ունեն 4 տղա եւ երեք աղջիկ: Տարիներ առաջ նրա 30-ամյա որդին, ով կին եւ երեխա ուներ, նույնպես ինքնասպանություն է գործել՝ նորից կախվելու միջոցով: Սենիկ Բադոյանը ապրում էր մյուս որդու ընտանիքի հետ, թոռներ ուներ:

Գյուղապետի փոխանցմամբ՝  նորմալ, հաշտ, խաղաղ ընտանիք է, դեպքից մի քանի օր առաջ ինքը տեսել է տարեց տղամարդուն, ամեն ինչ նորմալ է եղել, նա որեւէ հիվանդությամբ չի տառապել, ընտանիքում բոլորը նրան լավ են վերաբերել: «Դեպքից առաջ որեւէ բան ընտանիքի անդամներին չի ասել, որեւէ վիճաբանություն, կռիվ չի նախորդել, գիշերը տղան տնից դուրս է եկել եւ տան մոտի գարաժում գտել նրան կախված վիճակում»,- ասաց գյուղապետը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզում ինքնասպանություն է տեղի ունեցել: Սարագյուղ գյուղի տներից մեկում տան տիրոջը հայտնաբերել են տանը կից ավտոտնակում կախված վիճակում: Նա 79 տարեկան էր, անունը՝ Սենիկ Բադոյան:

Տարեց տղամարդու ինքնասպանության պատճառների մասին տեղեկություններ չկան: NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացել է, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: