Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նոյեմբերի 12-ին ընդունել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության զբոսաշրջության եւ սպորտի հայազգի նախարար Լիլիամ Քեշիշյանին եւ Մոնտեվիդեոյի տարածաշրջանային տնտեսական զարգացման եւ ինտեգրման գործակալության զբոսաշրջության գծով տնօրեն Սանտիագո Րաֆֆի Ունանյանին, ովքեր վեցօրյա աշխատանքային այցով գտնվում էին Հայաստանում: Հանդիպմանը ներկա էին նաեւ Հայաստանում Ուրուգվայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Անիբալ Կաբրալը եւ ՀՀ-ում Ուրուգվայի պատվավոր հյուպատոս Արմեն Հայրապետյանը:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունել է հյուրերին հայրենիք այցելելու առիթով եւ շեշտել է, որ Ուրուգվայը Հայաստանի համար այն կարեւոր երկիրն է, որն առաջինը ճանաչեց եւ դատապարտեց Հայոց ցեղասպանությունը՝ այդպիսով բարոյական դաս տալով աշխարհի հզոր պետություններին: Նախարար Հ. Հակոբյանը չափազանց բարձր է գնահատել Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության թանգարանի բացման վերաբերյալ Ուրուգվայի իշխանությունների որոշումը եւ նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից հրատարակված Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրքերն ու հետազոտությունները կնվիրաբերվեն թանգարանին:
Ուրուգվայի զբոսաշրջության նախարար Լիլիամ Քեշիշյանը կարեւորել է Ուրուգվայի հայկական համայնքի ակտիվ դերակատարությունը երկրի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Ուրուգվայի իշխանություններին հայկական համայնքի հանդեպ բարեհաճ վերաբերմունքի համար, ինչի վառ ապացույցն այն է, որ հայերը հանդիսանում են Ուրուգվայի օրինապահ քաղաքացիներ:
Հաշվի առնելով հայերին վերաբերող խնդիրների հանդեպ Ուրուգվայի հոգատար վերաբերմունքը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը հյուրերին ներկայացրել է Հայաստան տեղափոխված սիրիահայերին Հայաստանի իշխանությունների ցուցաբերած աջակցությունը, սիրիահայերի բնակարանների ձեռքբերման եւ աշխատանքի տեղավորման խնդիրները:
Հանդիպման ավարտին հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար:





























