Ազգային տնտեսությունների վիճակն ու համաշխարհային ճգնաժամի հաղթահարման համատեղ ջանքերի պլանն են լինելու ԱՊՀ երկրների ֆինանսների նախարարների մշտական գործող կառույցի 4-րդ նիստի ուշադրության կենտրոնում: Հանդիպումը կայանալու է ապրիլի 1-ին Մոսկվայում ԱՊՀ երկրների ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների մասնակցությամբ, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել է Համագործակցության գործադիր կոմիտեի ղեկավար Սերգեյ Լեբեդեւը:
Նա ընդգծել է, որ Համագործակցության երկրների ղեկավարներն ու կառավարության ղեկավարները «լուրջ ուշադրություն են դարձնում» գլոբալ ճգնաժամի հաղթահարման համատեղ ջանքերին", եւ այդ թեման եղել է նաեւ «Մոսկվայում մարտի 5-ին կայացած ԱՊՀ տնտեսական համաժողովի մասնակիցների ուշադրության կենտրոնում»: Լեբեդեւի խոսքով, ժամանակին ընդունված միջոցները թույլ տվեցին հաղթահարել ճգնաժամի առավել սուր փուլը եւ, ԱՊՀ վիճկոմի տվյալներով, 2010թ. հունվարին ԱՊՀ գրեթե բոլոր երկրներում զգալի առաջընթաց է նկատվել: «Ադրբեջանում ՀՆԱ-ի աճը կազմել է 9,2 տոկոս, Հայաստանում՝ 2,4 տոկոս, Բելառուսում՝ 1,3, Տաջիկստանում՝ 4,2, իսկ արդյունաբերական արտադրությունը ԱՊՀ-ում միջինը աճել է 8 տոկոսով»,- արձանագրել է նա:
Միեւնույն ժամանակ Լեբեդեւն ընդգծել է, որ, չնայած տնտեսական վիճակի լավացման միտումներին, ճգնաժամը դեռ վերջնականապես չի հաղթահարվել:



























