Այսօր` ապրիլի 1-ին Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ անդամ երկրների ֆինանսների նախարարների մշտապես գործող խորհրդի չորրորդ նիստին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ապրիլի 1-ին կայանալիք նիստում մասնակիցները կներկայացնեն իրենց երկրների մակրոտնտեսական ընթացիկ իրավիճակը, կքննարկեն ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված ԱՊՀ երկրների կողմից համատեղ իրականացվող միջոցառումները, ինչպես նաև հարցեր` Միջպետական բանկի խնդիրների հետ կապված:

Նույն օրը Մոսկվայում ՀՀ ֆինանսների նախարարը կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական համագործակցության 8-րդ նիստին: Դրա ընթացքում կքննարկվեն անդամ-երկրների տնտեսական և ֆինանսական համագործակցությանն առնչվող հարցեր` այդ թվում համատեղ իրականացվող հակաճգնաժամային ծրագրերի ընթացքին և Եվրասիական տնտեսական համագործակցության Հակաճգնաժամային հիմնադրամի գործունեությանը վերաբերող հարցեր: