Միջազգային արժութային հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է ՀՀ կառավարության հետ համագործակցության հաշվետվությունը, ինչը նշանակում է, որ կանաչ լույս է վառել ծրագրի շարունակության համար: Այս մասին ապրիլի 1-ի կառավարության նիստում նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանն ու հավելել. «Մենք ծրագրավորված կստանանք արժութային հիմնադրամի ֆինանսական օժանդակությունը, այս տարվա կտրվածքով՝ շուրջ 150 միլիոն դոլար: Դա կանաչ լույս է վառում մեր բոլոր միջազգային ծրագրերի իրականացման համար»:

Նա անդրադարձել է նաեւ վերջերս մամուլում՝ կենտրոնական բանկում կառավարության կուտակած պաշարների վերաբերյալ գնահատականներին ու պարզաբանել. « Ես ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ այս պահի դրությամբ մենք 150 միլիարդ դրամից (մոտ 375 միլիոն դոլար) ավել կուտակված պաշարներ ունենք Կենտրոնական բանկի գանձապետական մեր հաշիվներում, այդ թվում նաեւ ունենք կայունացման հիմնադրամ, որը նույնպես կարող ենք ուղղել սոցիալական, տնտեսական խնդիրները լուծելուն, եթե ունենանք ճգնաժամից բխող բացասական անկանխատեսելի հետեւանքներ»:

Տ. Սարգսյանի ներկայացմամբ, 2009-ին երկրի ֆինանսական եւ մակրոտնտեսական կայունությունը չի խաթարվել. «Ավելին մեր պաշարները ավելացրել ենք ԿԲ-ում եւ դա հույս է շնչում որ 2010 թվականի ծրագրերը մեզ կհաջողվի կատարել»:

Հիշեցնենք, որ միայն 2009 թվականի ընթացքում ԱՄՀ-ի վարկային միջոցներից ԿԲ պահուստներին են ուղղվել 320 միլիոն դոլար, որի առյուծի բաժինն օգտագործվել է դրամի փոխարժեքը կայուն պահելու նպատակով արտարժութային ինտերվենցիաներ անելու համար: