Երբ կարծիքներ են շրջանառում, որ Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու համատքեստում ժամանակն է մտածել ռուսերենին հատուկ կարգավիճակ տալու մասին, կարող եմ փաստել, որ Մաքսային միության տարածքում ռուսաց լեզուն աշխատանքային է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Ռուսաց լեզուն գործիքի դեր է կատարելու եւ նրանք, ովքեր ռուսերենը սովորելու կարիք կզգան, խորացված կսովորեն այն, իսկ նրանք, ովքեր կգտնեն, որ իրենց տեղը Եվրոպայում է, անգլերեն կամ ֆրանսերեն կսովորեն: Այնպես որ հայերենը մեր ինքնագիտակցությունն է, մյուս բոլոր լեզուները՝ գործիքներ»,-ասել է Սահակյանը:

Հստակեցնող հարցին, արդյոք ռուսերենին հատուկ կարգավիճակ է տրվելու, Սահակյանը պատասխանել է. «Որեւէ լեզվի հատուկ կարգավիճակ չի տրվելու»:

Նշենք, որ կիրակի օրը ռուս պատգամավորները Երեւանում հայ գործընկերների հետ նիստի ժամանակ հատուկ ընդգծել էին Հայաստանում ռուսերենին հատուկ կարգավիճակ շնորհելու անհրաժեշտությունը: ՄՄ բոլոր անդամ-պետություններում այն պետական լեզու է համարվում. Բելառուսում ռուսերենը երկրորդ պետական լեզուն է, Ղազախստանում այն ղազախերենին հավասար պետական կարգավիճակում է: Ինչ վերաբերում է Ղրղըզստանին, որը Հայաստանին նման հավակնում է Մաքսային միության անդամ դառնալ, ղրղըզերենը համարվում է պետական, իսկ միակ պաշտոնականը ռուսերենն է:

Նշենք, որ 1990-ականների սկզբին Հայաստանում ընդունված «Լեզվի մասին» օրենքով արգելվում է հայ երեխային օտարալեզու դպրոց հաճախել: Օտարալեզու դպրոցները միայն ազգությամբ ոչ հայ երեխաների համար են: 2 տարի առաջ օրենքում փոփոխություններ կատարելով այդ արգելքը մեղմացվեց: