Եվրասիական միությունում միասնական արժույթը կարող է վնասել Հայաստանի կենսաթոշակային համակարգին: Այս մասին նոյեմբերի 19-ին լրագրողներին հայտնել է նախկին վարչապետ, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա՝ վաղ թե ուշ Ռուսաստանը Մաքսային միության անդամներին կստիպի անցնել միասնական արժույթի: «Եթե Հայաստանն ու Ռուսաստանը միեւնույն տնտեսական տարածքում հայտնվեն, ապա վաղ թե ուշ Մոսկվան հարց կդնի՝ ինչո՞ւ պետք է նրանց հետ դոլարով կամ եվրոյով առեւտուր իրականացնենք: Նավթի եւ գազի արտահանման վրա հիմնված ռուսական արժույթը միանգամայն կարող է հաշվարկային միջոց դառնալ», – նշել է պատգամավորը:
Հարցն այն է, որ Հայաստանն իր տնտեսության համամասնությամբ մասնակցի Մաքսային միության դրամային քաղաքականությանը եւ գումարային էմիսիաներին:
«Ձեր խոնարհ ծառան նման մոդել առաջարկել էր դեռեւս 1993-94 թթ.` վճարման ունիվերսալ միջոց ԱՊՀ տարածքում: Սակայն այն չէր ընդունվել», - նշել է Բագրատյանը:
Հաշվի առնելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունը` երկրորդ սահմանափակումը կարող է դառնալ այն պահանջը, որպեսզի ՄՄ երկրների խնայողությունները ներդրվեն դրա սահմաններում: Ռուսաստանը կսահմանափակի ոչ միայն առեւտրի արժույթը, այլեւ արտասահմանյան արժույթներով ներդրումները: «Այլապես ստացվում է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Իրաքում պատերազմի դեմ, սակայն ֆինանսավորում է այն, քանի որ իր փողերը ներդրված են ամերիկյան ակտիվներում»:
Բագրատյանը հավելել է, որ այդ ամենը լուրջ խնդիրներ է ստեղծում Հայաստանում կենսաթոշակային բարեփոխման համար, քանի որ հանրապետության կենսաթոշակային միջոցների 60%-ը ներդրվելու են եվրոպական արժեթղթերով: «Խնդիրներ կառաջանան Հայաստանի 40 տարեկանից ցածր բնակիչների մոտ, ովքեր հունվարի 1-ից կսկսեն կուտակել կենսաթոշակային խնայողությունները», – եզրակացրել է նախկին վարչապետը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























