Այսօր ՀԱՊԿ-ը անդամ երկրների եւ տարածաշրջանի զարգացումն ապահովող եւ կայունացնող կառույց է: Այս մասին նոյեմբերի 19-ին «ՀԱՊԿ-ը եւ անվտանգության ժամանակակից մարտահրավերները» միջազգային կոնֆերանսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Ըստ նրա`ժամանակակից պայմաններում շատ հաճախ են տեղի ունենում դեպքեր, երբ խախտվում է հրադադարի ռեժիմը հենց հայ-ադրբեջանական սահմանին, եւ հենց այստեղ շատ կարեւոր է ՀԱՊԿ-ի արձագանքը` ագրեսիան կամ հիմնախնդրի զարգացումը կանխարգելելու տեսակետը: Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բազմիցս հստակ պարզաբանել եւ հայտարարել է, որ դրսից ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ-ը կկատարի իր բոլոր գործառույթները:
Խոսելով ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության մասին` Վաղարշակ Հարությունյանը նկատել է, որ, չունենալով ոչ մի կոնկրետ նյութական օգնություն կամ սպառազինման տրամադրում, Հայաստանը, ցավոք, մասնակցում է տարբեր գործողությունների: «Մենք ներգրավվեցինք Իրաքի, Աֆղանստանի եւ Կոսովոյի պատերազմներին: Եթե մենք համեմատենք, թե ինչ է անում ՆԱՏՕ-ն, առաջ տանելով «դեմոկրատիան», եւ ինչ է անում ՀԱՊԿ-ը, ապա ակնհայտ է, որ վերջինս հիմնախնդիրները լուծում է, կանխում», - ասել է Հարությունյանը:





























