Հնդիկ տղան առանց որեւէ հաստատ խոսքի երբեք չէր վեր կենա ու այդքան երկար ճանապարհ գար՝ մինչեւ Հայաստան։ NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Սվետլանա Մարգարյանը, որի դուստրն ամուսնացել է հնդիկի հետ եւ այժմ դասական վոկալ է դասավանդում Մադրասի կոնսերվատորիայում։ Նա նշեց, որ չի հավատում ոստիկանության հաղորդագրությանը, թե նոյեմբերի 16-ին Նոր Արեշում ազգությամբ հնդիկ Դենիշ Բաբուն ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ դանակով վնասել է իր ամուսնության առաջարկը մերժած Աստղիկ Աղաջանյանին։
«Եթե հայ աղջիկը մերժում էր ամուսնության առաջարկը, ինչո՞ւ այդ տղան այդքան ծախս արեց եւ եկավ Հայաստան այն դեպքում, երբ ամեն մի դոլարն այդքան մեծ բան արժի Հնդկաստանի ժողովրդի համար»,- ասաց տիկին Սվետլանան՝ նշելով, որ փաստը, որ Դենիշը Հայաստան է եկել ոչ որպես ուսանող, խոսում է այն մասին, որ, ամենայն հավանականությամբ, հենց ամուսնության նպատակով էլ նա եկել է։
Տիկին Սվետլանայի խոսքով՝ տարիների շփման ընթացքում ինքը հասցրել է լավ ճանաչել հնդիկ տղամարդկանց՝ նաեւ իր դստեր եւ ծանոթների փորձով։
«Ես դեռ չեմ հանդիպել գոնե մեկ կնոջ, ում ամուսինը հնդիկ լինի եւ նա դժգոհ լինի ամուսնուց, կամ ասի՝ ոչինչ, էլի, յոլա ենք գնում»,- ասաց տիկին Սվետլանան՝ նշելով, որ հնդիկները շատ խաղաղ են, հաշտվող ու բարի։
Սվետլանա Մարգարյանը նշեց, որ Հնդկաստանում ապրող իր ծանոթը ճանաչում էր Դենիշին և Աստղիկին, իրեն պատմել է, որ նրանք վաղուց են միմյանց ճանաչում, և Դենիշը Հայաստան էր եկել հենց ամուսնության նպատակով: Տիկին Սվետլանան ենթադրում է, որ աղջկա հարազատներն են դեմ եղել նրանց ամուսնությանը։
Հայաստանում Հնդկաստանի դեսպանատանը հրաժարվեցին Դենիշ Բաբուի մասին տեղեկություն տրամադրել։
Դենիշ Բաբուի լուսանկարները NEWS.am-ը գտավ Google+ սոցցանցում, որտեղ Աստղիկ Աղաջանյանն ու Դենիշ Բաբուն ընկերներ են, ավելին՝ Աստղիկն ունի միայն մեկ ընկեր՝ Բաբուն, եւ ինքն էլ Բաբուի միակն ընկերն է։

Աստղիկ Աղաջանյանը սովորել է Երևանի պետական մանկավարժական համալսարանում, այնուհետև վերապատրաստման դասընթացներ անցել Հնդկաստանի Կենտրոնական համալսարանում: Այս մասին NEWS.am-ին ասաց Մարգարիտա Ամիրյանը, որը հնդկերեն է պարապում Աստղիկի մոտ։ Նրա խոսքով, Աստղիկը դասերը ընդհատել էր, որովհետեւ Հնդկաստան էր գնացել: «3-4 օր առաջ եմ տեսել, Հայաստան էր եկել, ասաց, որ ժամանակ չունի գա դասերին»,- ասաց Մարգարիտան։ Նրա խոսքով, Աստղիկը շատ է սիրում ճամփորդել, եղել է Հնդկաստանում, Շրի Լանկայում, Դուբայում։
«Ընկեր չուներ, բայց շատ հնդիկ ծանոթներ ուներ։ Միշտ ասում էր՝ ամուսնանալու համար դեռ շուտ է, շատ բան կա անելու»,- NEWS.am-ին ասաց Մարգարիտա Ամիրյանը:





























