Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ նոյեմբերի 19-ին ընդունել է Համաշխարհային Բանկի Ինստիտուցիոնալ Զարգացման Հիմնադրամի (IDF) Դրամաշնորհի միջոցով ֆինանսավորվող «Սննդամթերքի անվտանգության կարողությունների զարգացման» ծրագրի միջազգային փորձագետ Բրայան Միլթոնին:

ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպմանը մասնակցում էին նաեւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի կայուն զարգացման բաժնի գործառնությունների պատասխանատու ԱրուսյակԱլավերդյանը եւ ՀՀ ԳՆ Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը:

Սույն ծրագիրն ուղղված է սննդամթերքի անվտանգության ոլորտի ինստիտուցիոնալ կարողություններիզարգացմանը: Ծրագրի նպատակն է աջակցել սննդամթերքի անվտանգության ապահովման ժամանակակից համակարգի ստեղծմանը` հիմնվելով միջազգային չափանիշների եւ լավագույն փորձի վրա: Աջակցությունը լինելու է շարունակական, որը նաեւ խթան կհանդիսանա սննդամթերքի անվտանգության ոլորտում հետագա բարեփոխումների իրականացման համար: «Սննդամթերքիանվտանգության կարողությունների զարգացման» ծրագիրը մեկնարկել է 2012թ. հոկտեմբերի 30-ին եւ կտեւի 3 տարի:

Ծրագիրն ունի երկու ուղղություն` բաղադրիչ 1-ն իրենից ներկայացնում է սննդամթերքի անվտանգության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում, իսկ բաղադրիչ 2-ը` տեխնիկական կարողությունների զարգացում:

Հանդիպման ընթացքում ծրագրի պատասխանատուները նախարարին ներկայացրեցին կատարված աշխատանքները, ծրագրի ընթացքն ու անելիքները:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կարեւորել է աշխատանքային այս հանդիպումը եւ Միլթոնին հաջողություններ է մաղթել հետագա աշխատանքում: