Հայաստանի իշխանությունները անպայմանորեն պետք է հիշեն 27 կոնվենցիաների մասին, որոնք նրանք պարտավորվել են կատարել, երբ միացել են GSP+ ազատ առեւտրի Եվրամիության համակարգին, հակառակ դեպքում երկիրը կարող է հանվել ծրագրից։ Այս մասին ասել է, Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը՝ հուլիսի 31-ի Եվրամիության TAIEX (Տեխնոլոգիական օժանդակության եւ տեղեկատվության փոխանակման գործիք) ծրագրերի շրջանակներում, GSP+ ընդհանրացված արտոնությունների համակարգին նվիրված կոնֆերանսի ժամանակ։

«Մի բան է, երբ դու միանում ես համակարգին, հասկանալով, որ քո երկրում այս կամ այն չափով հնարավոր է իրագործել կոնվենցիաները, այլ բան է դրանց գործնական իրագործումը, որը անհրաժեշտ է նրա համար, որպեսզի երկիրը չկանգնի այդ ծրագրից դուրս գալու վտանգի առջեւ»,- ասել է Դանիելյանը։ Ըստ նրա, Հայաստանում արտադրվող ապրանքների 52 տոկոսը միացված են GSP+ համակարգին։ «Հայաստանի համար սա մեծ առավելություն է եվրոպական շուկաներում իրենց ապրանքները իրացնել ցանկացողների համար՝ մյուս երկրների արտադրության հետ մրցակցության առումով»։

Նախարարի տեղակալը ընդգծել է, որ այդպիսի սեմինարները նպատակաուղղված են հայկական գործարար-ընկերակցությանը հերթական անգամ հիշեցնելու այն արտոնությունների մասին, որոնք մատուցվում են արտոնյալ համակարգով, հատկապես՝ տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Նա նշել է, որ GSP+ արտոնյալ համակարգում գրանցված են ավելի քան 6000 ապրանքատեսակների խմբեր, եւ դա բիզնեսի զարգացման հնարավորություն է ընձեռում երկրին։

Հիշեցնենք, որ 2009 թ-ի հունվարի 1-ին, Եվրամիությունը GSP+ համակարգի արտոնություններից օգտվելու հնարավորություն է տվել Հայաստանին (15 այլ երկրների հետ միասին)։ Համակարգը թույլ է տալիս ապրանքատեսակներ ներմուծել եւ արտահանել մաքսային նվազեցրած կամ, ընդհանրապես, զրոյական տուրքով։ Արտոնություններ է տրվում զարգացող կամ ցածր զարգացվածության երկրներին՝ կայացած վարչական համակարգով եւ այլ իստիտուցիոնալ համակարգերով։

Այն երկրները, որոնք ներգրավված են այդ ծրագրում, պարտավորվում են կատարել ՄԱԿ-ի եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության միջազգային 27 կոնվենցիաները։