Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում անցկացվում են նորակոչիկներին եղանակային պայմաններին ադապտացնելու «Աշուն 2013» զանգվածային միջոցառումները:

Հարավարեւելյան օկրուգի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՌԴ-ի տարբեր հատվածներից ՀՀ ժամանած 3 հազար երիտասարդ զինվորներ երկու շաբաթվա ընթացքում բուժզննման կենթարկվեն` անալիզներ հանձնելով: Զննումն իրականացվելու է երկու փուլով: Դրանց արդյունքներով` բժիշկները   բուժգրքույկներում նշումներ կկատարեն բուժզննման արդյունքների մասին, եւ հանձնաժողովը համակողմ եզրակացություն կկազմի յուրաքանչյուր զինվորի առողջական եւ ֆիզիկական վիճակի մասին:

Բարձրլեռնային հատվածներում հարմարվելու եւ սեզոնային հիվանդությունների պրոֆիլակտիկայի նպատակով բժիշկները զորամասի անձնակազմի խորացված բուժզննում կիրականացնեն:

Զինծառայողների շրջանում սեզոնային հիվանդացությունները կանխարգելելու համար  Երեւանի եւ Գյումրիի կայազորներում առավոտյան զննումների ընթացքում հիվանդների վաղ հայտնաբերման միջոցառումներ են իրականացվում:

Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների պատվաստման համար ռուսական ռազմաբազայի բուժհաստատություններում մոտ 4 հազար տարատեսակ պատվաստանյութեր են առկա: