Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 20-ին ընդունել է խորհրդարանական հարցերով Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տակաո Մակինոյին:
Հանրապետության նախագահը բարձրաստիճան հյուրին խնդրել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին փոխանցել իր ուղերձ-նամակը, որում նախագահը վերահաստատել է հայ-ճապոնական հարաբերություններն այսուհետ եւս համակողմանիորեն զարգացնելու եւ որակական նոր մակարդակ տեղափոխելու Հայաստանի պատրաստակամությունը: Ուղերձում Սերժ Սարգսյանն անդրադարձել է անցած երկու տասնամյակում փոխվստահելի գործընկերության ու բարեկամության ամուր հիմքի վրա կառուցված եւ այսօր դինամիկ զարգացող երկկողմ հարաբերություններին ու փոխշահավետ համագործակցության հեռանկարին: Հանրապետության նախագահը նաեւ վերահաստատել է Ճապոնիայի վարչապետին ուղղված Հայաստան այցի իր հրավերը:
Փոխնախարար Տակաո Մակինոն վստահեցրել է նախագահ Սերժ Սարգսյանին, որ ուղերձի հետ Ճապոնիայի կառավարության ղեկավարին կփոխանցի նաեւ իր հայաստանյան այցի տպավորություններն ու դրանց արդյունքում ձեւավորված՝ երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված մոտեցումները:
Միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում զրուցակիցները կարեւորել են բարձրաստիճան փոխայցելությունները: Այդ տեսանկյունից ընդգծվել են անցած տարի Հայաստանի Նախագահի Ճապոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները:
Կողմերը երկուստեք գոհունակությամբ են խոսել միջազգային ասպարեզում Հայաստանի եւ Ճապոնիայի համագործակցության ու կարեւոր հարցերում փոխադարձ աջակցության մասին:
Անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, հայ-ճապոնական փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին: Փոխնախարար Մակինոն երախտագիտություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր անվանի հայրենակցին՝ Ցուգիո Մակիմոտոյին, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2013 թվականի մրցանակին արժանացնելու համար:





























