Այսօր՝ նոյեմբերի 20-ին Հայաստանի ԱԻ նախարարությունում Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունը (SDCA) նախարարությանը փոխանցեց նոր գույք` ամառային եւ ձմեռային համազգեստ, սաղավարտներ, ուսապարկեր, քնապարկեր, վրաններ, լուսավորության ապահովման, վտանգավոր նյութերի հայտնաբերման, տեսաձայնային եւ երկրատեղեկատվական (GPS) որոնողական սարքեր, տարբեր տեսակի կտրող գործիքներ, կապի միջոցներ եւ այլն:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը, Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության ներկայացուցիչ Լուկաս Լուշերը եւ հայաստանյան ծրագրերի համակարգող Սերգեյ Հովհաննիսյանը:

Գույքը տրամադրվում է հայ-շվեյցարական «Տարածքային արագ արձագանքման թիմերի ստեղծում» ծրագրի շրջանակներում:

Հիմնական նպատակն է Հայաստանում զարգացնել որոնողափրկարարական ներքին կարողությունները եւ ստեղծել ՄԱԿ-ի որոնողափրկարարական միջազգային խորհրդատվական խմբի (INSARAG) չափանիշներին համապատասխան միջին դասի 3 որոնողափրկարարական թիմ՝ Երեւանում, Շիրակի եւ Սյունիքի մարզերում (յուրաքանչյուր թիմում՝ 47 մարդ): Թիմերի ղեկավար կազմի եւ փրկարարական անձնակազմի համար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ եւ կտրամադրվի համապատասխան գույք:

Ծրագիրը մեկնարկել է 2013 թ. գարնանը եւ կավարտվի 2014 թ. սեպտեմբերին՝ գործնական վարժանքով: Վերջին տարիներին ՀՀ ԱԻ նախարարության հետ համատեղ շվեյցարական գործակալությանը հաջողվել է ուժեղացնել փրկարարական ապակենտրոնացված համակարգն ամբողջ երկրում: Այս ուղղությամբ իրականացվում են նաեւ հետեւյալ ծրագրերը.

• «Արձագանք». հիմնական նպատակներն են հրշեջ-փրկարարների վերապատրաստումը, սարքավորումների մատակարարումը եւ մոնիտորինգը: Այս ծրագրի շնորհիվ վերապատրաստվել է 2400 հրշեջ-փրկարար:

• «Արձագանք. բժշկական ստորաբաժանումներ». Տավուշի, Վայոց Ձորի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում մինչեւ տարեվերջ կշարունակվեն տեղերում բժշկական արձագանքման լրացուցիչ կարողությունների ձեւավորման աշխատանքները, ստեղծման փուլում է բուժօգնության 27 ստորաբաժանում, վերապատրաստվել է 216 բժիշկ եւ 324 պարամեդիկ:

• «Ճգնաժամային կառավարման կենտրոնին փորձագիտական աջակցություն». նպատակն է կատարելագործել ՀՀ ԱԻՆ ՃԿԿ հանրապետական եւ մարզային կառույցները, օպերատիվ կառավարման համակարգերը եւ համագործակցությունն այլ գերատեսչությունների հետ: