Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունն արդեն կապ է հաստատել նոյեմբերի 16-ին Նոր Արեշի վարձակալած տանը տեղի ունեցած ողբերգության հետեւանքով մահացած, ազգությամբ հնդիկ Դենիշ Բաբուի ծնողների հետ, որոնք էլ իրենց հերթին դիմել են Հնդկաստանի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության նախագահ Ռանանջայ Անանդը:
«Անձամբ եմ խոսել դեսպան Սուրեշ Բաբուի և առաջին քարտուղար Մ. Կաուշիկի հետ: Նրանք ինձ ասացին, որ Հնդկաստանի դեսպանատունը անընդհատ կապ է պահում ՀՀ ոստիկանապետի հետ, որը խոստացել է արդար հետաքննություն իրականացնել»,- ասաց Անանդը:
Ռանանջայի խոսքով` դեռ պարզ չէ, թե երբ են գալու Դենիշի ծնողները: Նույնն ասաց նաև Դենիշի ընկերը, որը խնդրեց անունը չհրապարակել: «Քիչ առաջ ինձ Դենիշի ծնողները զանգեցին ու հարցրին` հնարավո՞ր է ես մարմինն ուղարկեմ, իրենք էլ չգան Հայաստան: Ես էլ նրանց պատասխանել եմ, որ լավ կլինի, իրենք անձամբ գան: Նրանք վիզայի հետ խնդիր ունեն, խոստացել եմ, որ կխոսեմ դեսպանի հետ ու այդ բոլոր հարցերը կլուծենք»,- NEWS.am-ին հայտնեց ազգությամբ հնդիկ ուսանողը:
Աստղիկ Աղաջանյանի ընկերները մեր թղթակցին հայտնել են, որ աղջկան արդեն հիվանդանոցից դուրս են գրել, և այժմ գտնվում է ոստիկանների հսկողության տակ: Աղջիկը ոչ մի հարցի չի պատասխանում, բոլոր հարցերին միայն պատասխանում է՝ «լավ եմ»։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, նոյեմբերի 16-ին ոստիկանությունը քաղաքացու ահազանգով մեկնել էր Երեւանի Նոր Արեշի 8-րդ փողոցի 21 տուն, եւ գտել փողոցում ընկած ազգությամբ հնդիկ, 1985թ. ծնված Դենիշ Բաբուին՝ դանակի վնասվածքներով։ Երիտասարդը մահացել էր հիվանդանոցի ճանապարհին։ Ոստիկանությունը դեպքից հաշված ժամեր անց հաղորդագրություն տարածեց, ըստ որի, Հնդկատանի քաղաքացին իր վարձակալած տանը ամուսնության առաջարկ է արել ՀՀ քաղաքացի Աստղիկ Աղաջանյանին, եւ մերժում ստանալուց հետո խոհանոցային դանակով որովայնի շրջանում բազմաթիվ մարմնական վնասվածքներ է պատճառել նրան, այնուհետեւ նույն դանակով իր պարանոցի զարկերակները կտրելով` ինքնասպանություն է գործել: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:





























