Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Կիեւ կատարած այցի արդյունքներով հույս ունի, որ Վիլնյուսում  կայանալիք գագաթաժողովում կստորագրվի ԵՄ-Ուկրաինա Ասոցացման համաձայնագիրը՝ հաշվի առնելով առանցքային օրինագծերի ընդունման վերաբերյալ պայմանավորվածությունների հասնելու ուկրաինական իշխանությունների վճռականությունը: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ:

Ֆյուլեն Կիեւում է գտնվել նոյեմբերի 18-20-ը, որտեղ Ուկրաինայի իշխանությունների հետ քննարկել է Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հեռանկարները:
«Ինձ հույս է ներշնչում Ուկրաինայի նախագահի եւ խորհրդարանի խոսնակի վճռականությունը՝ նոյեմբերի 21-ին ընդունել առանցքային օրինագծերը, որոնք վերաբերում են խորհրդարանական ընտրություններին, դատախազությանը եւ բանտարկյալների՝ արտերկրում բուժմանը»,-ասված է հայտարարությունում:

Նա նշել , որ ԵՄ-ն նպատակ ունի ԵՄ-Ուկրաինա հարաբերությունները «բարձրացնել նոր մակարդակի»: «Այդ քայլի համար դուռը բաց է, եւ մենք անհամբեր սպասում ենք կառավարության կողմից իր սեպտեմբերի 18-ի որոշման իրականացմանը՝ 2013-ի նոյեմբերի 29-ին, Վիլնյուսում Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու համար»,-հայտարարել է Ֆյուլեն, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: