Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 20-ին, քննարկվել են հրդեհաշիջման խնդիրները:

Խորհրդակցությանը մասնակցել են ՓԾ օպերատիվ կառավարման, փրկարար ուժերի, Երեւանի քաղաքի վարչությունների, ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավար կազմերի եւ հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարների մասնակցությամբ: Խորհրդակցությունը վարել է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

Հանդիպման օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին օբյեկտների հրդեհաշիջման օպերատիվ պլանների ու քարտերի մշակման խնդիրներին, հակահրդեհային ազդարարման համակարգերի կատարելագործմանն ու վերջին շրջանում գրանցված խոշոր հրդեհների դեպքերի վերլուծությանը:

ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն իր խոսքում ընդգծեց, որ օբյեկտների մասին ճշգրիտ տվյալների հավաքագրումը, որոնք ներառվում են հրդեհաշիջման պլաններում, զգալիորեն բարձրացնում են հրդեհաշիջման աշխատանքների արդյունավետությունը:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին տարբեր կազմակերպությունների կողմից ներկայացված հրդեհաշիջման օպերատիվ պլաններում հայտնաբերված թերություններն ու անճշտությունները: Հանդիպման մասնակիցներին հանձնարարվեց առավել սերտ աշխատել կազմակերպությունների հետ եւ մասնագիտական խորհրդատվություն տրամադրել վերոնշյալ պլանների մշակման ուղղությամբ:

Առանձին զեկույցով ներկայացվեց նաեւ վերջերս տեղի ունեցած խոշոր հրդեհների եւ դրանց հրդեհաշիջման աշխատանքների մանրամասն վերլուծություն, որը նպատակ ուներ վեր հանել այդ ընթացքում առաջացած խնդիրները եւ կատարելագործել արձագանքող ուժերի հմտությունները: