Հուլիսի 30-ին ԱՄՆ կոնգրեսի 82 անդամներ՝ հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունի, Մարկ Քըրքի, ինչպես նաեւ կոնգրեսականներ Ադամ Շիֆի ու Ջորջ Ռադանովիչի գլխավորությամբ, նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որտեղ ասվում , որ Թուրքիան արգելակում է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը: Այս մասին հողորդում է Ամերիկայի Հայկական Համագումարի կայքէջը:
Նամակում նաեւ ասված է. «Մենք գրում ենք Ձեզ, պարոն նախագահ, անհանգստություն հայտնելով, որ Թուրքիան արգելակում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վերաբերյալ „ճանապարհային քարտեզի“ համաձայնեցված գործընթացը»:
Հիշեցնելով, որ այդ հարցում ԱՄՆ դիրքորոշումը ենթադրում է, որ «նորմալացումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում», նամակում ընդգծվում է Հայաստանի կառուցողական դիրքորոշումն այդ հարցում եւ անհագնստություն է հայտնվում՝ կապված Թուրքիայի անարդյունավետ գործողությունների հետ. «Մինչ Հայաստանը կատարում է իր պարտավորությունները „ճանապարհային քարտեզի“ հետ կապված, ու արդեն հանդես է եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու առաջարկությամբ, թուրքական կողմի հրապարակային հայտարարություններն ու գործողությունները ապրիլի 24-ից ի վեր կտրուկ կոնտրաստի մեջ են հայտնվում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ եւ խարխլում են առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման ԱՄՆ քաղաքականությունը»:
Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին բարձր է գնահատել այդ երկկուսակցական նախաձեռնությունը՝ հայտարարելով. «Հայաստանը բազմիցս առաջարկել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների բարելավել հարաբերությունները, սակայն հանդիպել է Թուրքիայի կտրուկ մերժմանը: Մենք պաշտպանում ենք կոնգրեսմենների դիրքորոշումը, կապված նրա հետ, որ ԱՄՆ վարչակազմը պետք է հստակ տարբերակի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն ու Ցեղասպանության ճանաչումը: Հարաբերությունների նորմալացումը չպետք է խոչընդոտի ԱՄՆ կողմից ցեղասպանության ճանաչմանը»:
Նշենք, որ 1972 թվականին հիմնադրված Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտոնում գործող համազգային խոշորագույն կազմակերպություն է և նպաստում է հայկական հարցերի հասարակական ըմբռնմանն ու տեղեկացվածությանը։



























